

Կառավարության՝ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական մի շարք բուժհիմնարկներ մասնավորեցվելու են:
Ըստ ներկայացված փաթեթի՝ նախատեսվում է առողջապահական 10 կարևոր հիմնարկների սեփականաշնորհում:
Իսկ հանրապետության մի շարք հիվանդանոցներում արդեն սկսվել է օպտիմալացման ծրագիրը:
Միջազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կա բուժծառայություն մատուցող 488 հաստատություն, որից 190-ը՝ ստացիոնար, 298-ը՝ամբուլատոր: Ծրագրի համաձայն՝ որոշ բուժհաստատություններ փակվել են, իսկ որոշներն էլ՝ միավորվել:
Վերջերս Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում գրանցվեցին երեխաների մասսայական թունավորումներ: Քանի որ օպտիմալացման արդյունքում փակվել էր Ալավերդու մանրէաբանական լաբորատորիան, ջրի փորձանմուշներն ուղարկվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը «Ռադիոլուր»-ին հայտնեց, որ օպտիմալացումը դժվարություններ է ստեղծել լաբորատոր հետազոտությունների, փորձանմուշների տեղափոխման հետ կապված: Լինում են, որ հեռավորության հետ կապված մի փոքր ուշանում են պատասխանները:
« Քանի որ նոր է այդ օպտիմալացումն իրականացվել, հուսանք, որ անալիզների պատասխանները շուտ կստանանք: Բայց, այնուամենայնիվ, 45 կմ է Ալավերդի-Վանաձորը։ Հիմա էլ, եթե հաշվենք, որ Ստեփանավանով են տանում, ավելի է երկարել: Անգամ էդ անալիզների տեղափոխումն է դժվարություններ ու բարդություններ առաջացնում»:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն նշեց, որ օպտիմալացումը դրական է, եթե կա մշակված լուրջ ծրագիր:
«Ուղղակի հստակ ծրագրի բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել թե ինչ գործիքներ է նախատեսում ԱՆ կամ կառավարությունը գործադրել»:
Առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում օպտիմալացման է ենթարկվել միայն խոհանոցը, որտեղ փոխվել է սննդի մատակարարման ձևը: Այսուհետ հիվանդները պատրաստի սննդով են սնվելու՝ ասում է կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Իսկ մամուլում շրջանառվող լուրերին, որ արտաթոքային բաժինը դառնում է ծառայություն, ինչն էլ վարակի փոխանցման տեսանկյունից վտանգավոր է, ապատեղեկատվություն որակեց:
Աշխատանքից ազատվել են մի քանի բուժքույրեր, ովքեր, Արմեն Հայրապետյանի դիտարկմամբ, թերի են եղել իրենց աշխատանքում: Հայտարարել են բուժքույրերի մրցույթ: Առողջապահության նախկին նախարարը պնդում է, որ օպտիմալացումը դրական կազդի բուժծառայությունների որակի վրա։
Հիվանդանոցների և բուժանձնակազմի թիվը մեր հանրապետությունում ավելին է, քան պահանջարկը: Ֆինանսական միջոցների տնտեսումը պետք է ուղղել առողջապահական ծառայությունների բարելավման ու հիվանդանոցների արդիականացման վրա, ասում է:
«Արդյունավետության բարձրացման խնդիր է լուծում օպտիմալացումը: Օպտիմալացումն իր մեջ ներառում է նոր բուժական և կանխարգելիչ մեթոդների ներդրում: Բուժական միջոցները հնարավորություն են տալիս ավելի արագ ապաքինելու հիվանդին և մահճակալային ներուժի կրճատման պարագայում կարող ենք հասնել արդյունավետության»:
Առողջապահության նախարարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ օպտիմալացման ծրագիրը հասարակությանը կապահովվի որակյալ և մատչելի բուժօգնությամբ, քանի որ օպտիմալացման արդյունքում ռեսուրսները կօգտագործվեն լիարժեք՝ թերբեռնված մահճակալ, բժիշկ, բուժհիմնարկ չի լինի: Իսկ օպտիմալացման արդյունքում խնայված գումարներն ուղղվելու են առողջապահական այլ պահանջների բավարարմանը: Առողջապահության նախարարությունում վստահ են, որ ռեսուրսների կոնսոլիդացումը կատարվում է հաշվի առնելով ծառայությունների հասանելիության ապահովումը, հետևաբար որակի վրա ազդել չի կարող:




