Հասարակություն

Կաթնախառնուրդների խառը շուկան ու մակնշումների խառնաշփոթը


Մանկական կերերի հայաստանյան շուկայում բազմաթիվ թերություններ կան: Ամենաակնառու խնդիրներից է կաթնախառնուրդների ու շիլաների հայերեն մակնշումը:

«Ռադիոլուր»-ը երեւանյան դեղատներում սեփական դիտարկումներն է անցկացրել ու, չնայած նկարելու սահմանափակումներին, արձանագրել տարատեսակ անհասկանալի դրվագներ:

Երբեմն հայերեն մակնշումը էապես տարբեր է արտադրողի մակնշումից կամ չի պարունակում կարեւոր մանրամասներ, կամ խիստ անընթեռնելի է, կամ, որքան էլ տարօրինակ է, երբեմն փակ է:

Խնդիրներով մտահոգ են ոչ միայն ծնողները, սննդագետներն ու մանկաբույժները, այլեւ հենց պետական վերահսկող մարմինները:

Նաիրան իր 2 շաբաթական բալիկին կերակրելու խնդիրներ էր ունեցել: Բժշկի ցուցումով անցել էր կաթնախառնուրդի, իր ասելով՝ ամենաճանաչված ֆիրմաներից մեկի արտադրության: 2 շաբաթ հետո երեխայի մոտ խնդիրներ էին սկսվել, փսխում՝ թթված հոտով, ցավեր ու լաց:

«Անընդհատ ցավեր էր ունենում, ճչոցներ, լաց՝ գիշեր-ցերեկ: Հետո ԲԱԿ-անալիզ տվեցինք, պարզվեց՝ դիզենտերիա, դիզբակտերիոզ, սալմոնելոզ եւ եւս 2 աղիքային ինֆեկցիա կա երեխայի մոտ: Ստիպված պառկեցինք ինֆեկցիոն հիվանդանոցում»:

Աղիքային ինֆեկցիաները սպառնում էին երեխայի կյանքին՝ պատմում է Նաիրան: Որ պատճառը մանկական կերն էր՝ կասկած չկար. 2 շաբաթական երեխան ուրիշ ոչինչ չէր կերել, ջուր չէր խմել: Մոր եւ տան մյուս անդամների բոլոր անալիզները նորմալ էին:

Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում փոխանցում է իր պրակտիկայի մտահոգիչ օրինաչափությունները՝ արհեստական կերով սնվող երեխաների մոտ ավելի բարձր է եւ հիվանդացության, եւ մահացության ցուցանիշը՝ ալերգիկ ռեակցիաներ, մարսողական խանգարումներ…

«Եթե դիտարկում ենք՝ հիվանդանոցում պառկած երեխաների որ մասն է արհեստականով սնվում, ինչքանը՝ կրծքով, հաստատ նույն հարաբերակցությունը չի»:

Մանկաբույժը ներգրավված է եղել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ 2016-ին իրականացված հետազոտությանը՝ պարզելու «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը որքանո՞վ է կիրարկվում, եւ կրծքի կաթի փոխարինիչների վաճառքի ոլորտում ի՞նչ խնդիրներ կան:

Խախտումները մի ամբողջ զեկույց են կազմել: Մանկաբույժ Սուսաննա Հարությունյանի մտահոգությունները մեկով չեն ավարտվում: Եթե ծնողը երեխային արհեստական կաթնախառնուրդ է տալիս՝ որակի երաշխիք ամեն դեպքում չկա՝ ասում է:

«Ամենալավ ֆիրմայի ամենալավ կաթնախառնուրդը Եվրոպայից էլ գնես, էլի կարող է որեւէ պրոբլեմ ունենալ, որակի հետ կապված լուրջ հարցեր. բացես տուփը, մեջը միկրոբներ լինեն: Անգամ Եվրոպայում դրա համար երաշխիք չկա»:  

Մինչդեռ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անվտանգության ու որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տրամագծորեն հակառակ կարծիքի է:

«Կարո՞ղ է հայ ծնողը հանգիստ լինել, որ Հայաստանում առկա կաթնախառնուրդները չեն պարունակում անթույլատրելի հավելումներ:  Հարցին նա արձագանքում է՝ այո, կարող են հանգիստ լինել, բայց միաժամանակ գնեն դեղատներում վաճառվող եւ պատշաճ մակնշված ապրանքները, որոնց համար կան պատասխանատու անձինք»:

Վերը նշված հետազոտությունը բազմաթիվ այլ խախտումների մասին եւս վկայում է՝ գովազդից ու գովազդողից սկսած:  Բայց առանձնացնենք մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակներին առնչվող խախտումները: Դրանց մասին խոսում է նաեւ դեղատան աշխատակիցը՝ չցանկանալով ներկայանալ:
«Դե հայերեն մակնշման վրա երբեմն ճշգրիտ չի լինում: Մեկ-մեկ թարգմանությունները տարբերվում են, թարգմանելու խնդիրն է: Ավելի լավ է ռուսերենը կարդաք»:

«Ռադիոլուր»-ը դեղատներում անցկացրեց սեփական դիտարկումը: Կերերը նկարել չէին թույլատրում, բազմազան հարցերին` կասկածով մոտենում, որակին գերադասում չանդրադառնալ: Ինչեւէ՝ ինչպե՞ս են մանկական կերերը մակնշվում: Որոշ դեպքերում հայերեն պիտակն անընթեռնելիի չափ մանրատառ է կամ շատ վատ տպված,  մակնշման թերթիկը փակցված է տուփին կամ դրված է դրա մեջ. առանց գնելու բացել հնարավոր չէ:

Երբեմն հայերենը ծածկում է արտադրողի մակնշումը այնպես, որ սպառողը համեմատել չի կարող:

Հայերեն բովանդակությունը երբեմն տարբեր է օտարալեզու մակնշումից: Արտադրողը նշում է՝ պարունակում է բուսական յուղեր ու թվարկում՝ օրինակ, սոյայի, արմավենու, կոկոսի եւ այլն: Հայերենում միայն նշվում է «պարունակում է բուսական յուղեր»:


Այնինչ այդ յուղերից ամեն մեկն իր ցուցումներն ու հակացուցումներն ունի՝ սկսած ալերգիկ ու մարսողական խնդիրներից: Որոշ կերեր, թեյեր ու շիլաներ խորհուրդ են տրվում շատ վաղ տարիքից, այն դեպքում, երբ մասնագետները հորդորում են 6 ամսականից շուտ չանցնել հավելյալ սննդի:

Տուփերի վրա կա շփոթեցնող մի ձեւակերպում էլ՝ ռուսերենով՝ молочная смесь-ի կողքին կա молочный напиток. հայերենում դրանք նույնացվել են կաթնախառնուրդի անվան տակ: Ի՞նչ է կաթնախառնուրդը, ի՞նչ է կաթնային ըմպելիքը, պարունակվող սոյան գենետիկորեն մոդիֆիկացված է, թե ոչ: Սպառողն արդյո՞ք պարտավոր է իմանալ տեխկանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետծառայությունում խնդրին տեղյակ են: Վահե Դանիելյան:



«Մենք հիմնականում հայտնաբերել ենք մակնշման անհամապատասխանություններ, պահպանման ջերմային պայմանների խախտման դեպքեր, ժամկետանց սննդամթերքի վաճառք: Բնականաբար, մեծ մասը գրանցվել է մարզերում, քանի որ այնտեղ մարդկանց տեղեկացվածության մակարդակն ավելի ցածր է»:

Դանիելյանը վստահեցնում է, որ մանկական կերերը հիմնականում անվտանգության ցուցանիշերով են ստուգվում՝ մանրէաբանական եւ քիմիական նյութերի առկայություն: Այստեղ ստուգում են նաեւ փաստաթղթերն ու առավել հակված են հավատալու արտադրողների վստահեցումներին, եւ ոչ թե հայ սննդաբաններին:

«Ցանկացած ընկերության արտադրանք ուղեկցվում է անհրաժեշտ փաստաթղթերով, որտեղ հիմնավորվում են, որ դրանց մեջ ԳՁՕ-ներ չկան: Ովքեր իրենց համարում են սննդաբան, սննդագետ, թող իրենց մասնագիտական պարտքը համարեն ու տեղեկացնեն իրենց մտահոգությունների մասին»:

Իսկ հայ սննդաբաններն, այնուամենայնիվ, ունեն մտահոգություններ ու շատ: Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը «Ռադիոլուր»-ի հետ կիսվում է դրանցով:

«Որեւէ մեկին խորհուրդ չեմ տալիս ձեռք բերել խանութներից հավելումներ պարունակող եւ կասկածելի ծագման այդ կերերը: Ես անկեղծ եմ ձեր հարցին պատասխանում: Իսկ սոյան դասվում է ալերգենների շարքին, ու ես դա երբեք խորհուրդ չէի տա: Շատ դեպքերում հայերեն մակնշումները բնօրինակ լեզվի մակնշումներին չեն համապատասխանում՝ ինքս եմ նկատել: Ուղղակի չեմ ուզում անուններ տալ»:

Ի՞նչ անուն ունի սպառողին շփոթեցնող, մակնշումները թարս ու շիտակ ներկայացնող ընկերությունների գործելաոճը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Ռադիոլուր»-ին խոստանում է գնալ հնարավոր անբարեխիղճ դրսեւորումների հետքերով:

«Խնդիրը ներկայացրեք, մենք կուսումնասիրենք, կարձագանքենք, քանի որ դա կարեւոր խնդիր է»:

Իսկ առայժմ հայ ծնողին մտահոգող հարցերը շատ են, ըստ այդմ՝ թերեւս երեխաների առողջության հետ կապված ռիսկերը՝ եւս:

Կարդացեք նաև

Back to top button