

Նոյեմբերի 6-ին Իսրայելի կառավարության ղեկավարի հրավերով աշխատանքային այցով Ավետյաց երկրում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Արեւելագետները այս օրերին անդրադարձան եւ քննարկեցին շուրջ 25 տարի ձեւավորված հարաբերությունների պասիվ շրջանի պատճառները եւ նոր աշխուժացում որակեցին հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերություններում:
Իսկ թե ինչո՞ւ չկային երկկողմ խորը հարաբերություններ, ըստ հիմնավորումների, շահերը չեն զուգահեռվել:
Իսկ այսօր երկուստեք քաղաքական հարաբերությունների ակտիվացման միտումները իսրայելական կողմը դիտարկում է ինչպես երկկողմ համագործակցության ձեւչափում, այնպես էլ որպես Իսրայելի մերձավորարևելյան և հարավկովկասյան արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը։
«Ռադիոլուրը» զրուցել է երուսաղեմաբնակ հայ Հակոբ Անդրեասյանի հետ, ով հեռանակարային չի համարում հայ-իսրայելական հարաբերությունների մերձեցումը:
Երուսաղեմում բնակվող Հակոբ Անդրեասյանը այս օրերին հետեւում է ԶԼՄ-ների հաղորդագրություններին եւ փոխանցում, որ իսրայելական մեդիա տիրույթը, բացի առաջին օրվանից, գրեթե չի անդրադարձել Հայասատանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությանը: Ըստ պրն Հակոբի, քննարկվելիք հարցերի շրջանակը հրապարակման ենթակա չէ, իսկ լրահոս սպրդված թեմանները՝ միտումնավոր են: Ցանկացած կողմ ներկայացրել է այնքան, որքան իր շահերն են թելադրում՝ ասում է:
«Նո պրոֆայլ խոսակցություններ են եղել: Ճիշտ է, որ իսրայելացիները Իրանի հարցն են բարձրացրել: Բայց չգիտենք, թե ինչ է եղել ՀՀ ԱԳՆ պատասախանը: Իրենց նպատակն այդ է: Ես մեծ հույսեր չեմ կապում ՀՀ-Իսրայել քաղաքականության հետ: Երբ Իսրայելը ցանկանում է ինչ-որ բան հասկացնել Թուրքիային եւ Ադրբեջանին, օգտագործում է հայկական գործոնը»:
Այսինքն, ըստ պրն Հակոբի, իսրայելական կողմի թիվ մեկ նպատակն էր խոսել տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացման մասին: Նալբանդյան-Նեթանյահու հանդիպմանը, հայկական պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներ, ԼՂ հիմանախնդրի կարգավորման հարցը:

Իսկ Իսրայելի Կառավարության կայքում նշված է, որ «հանդիպմանը կողմերը քննարկել են Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման եւ տեխնոլոգիայի, կիբերանվտանգության ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Զրուցել է նաեւ տարածաշրջանում ռազմական ներկայություն հաստատելու Իրանի փորձերի եւ Թեհրանի այդ ջանքերի բացասական հետեւանքների մասին», — նշված է Իսրայելի ԱԳՆ հաղորդագրությունում:
Այս միտքը առիթ է դարձել քննարկելու Իրանի գործոնը հայ-իսրայելական հարաբերություններում հարցը: Փոթորիկ մեկ բաժակ ջրում. այսպես է մեկնաբանում մտահոգությունը իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանի հետ մեր հարաբերությունները կորընթաց վերելք են ապրում, եւ մեկ հարթության վրա դիտարկել հարցը, ճիշտ չէ՝ ասում է իրանագետը:
«Իրականում իրանական կողմից բացասական արձագանք չկա՝ ԶԼՄ-ների մակարդակով: Եթե ընդհանուր առմամբ գնահատենք այցը, այն ուղղված չէ, որեւէ երրորդ երկրի դեմ: Ադրբեջանին վաճառվող իսրայելական զենքն է եղել, չնայած, պաշտոնական հաղորդագրություն չկա: Եթե ՀՀ կարողանա իր հնարավորությունների սահմանում սահմանափակել զենքի վաճառքը, ապա լուրջ հաջողություն կլինի»:
Չնույնացնելով հայ-իսրայելական հարաբերությունները իրանականի հետ՝ իրանագետները նշում են, որ Իրանը հավատարիմ լինելով իր արտաքին քաղաքականությանը՝ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ է կառուցում, հակառակ առկա տարաձայնություններին, այդ թվում եւ Բաքվի հետ՝ չնեղացնելով ՀՀ-ին՝ շեշտում են իրանագետները: Այլ է Ադրբեջանի դիրքորոշումը, որը վերջինս ցանկանում է Իրանի հետ իր հարաբերություններն օգտագործել Հայաստանի դեմ: Ինչո՞ւ է հետաքրքրել Իսրայելին Հայաստանը, եւ արդյո՞ք քննարկվել է իսրայելական սպառազինությունների կիրառումը Ադրբեջանում հարցը՝ իսրայելագետ Կարեն Վարենյանը պատասխանում է.
«Միամտություն է կարծել, որ այցելությունը կարող է հանգեցնել նրան, որ էապես սահմանափակվեն իսրայելական ռազմական տեխնիկայի մատակարարումները Ադրբեջանին: Այդուհանդերձ, այս պաշտոնական այցելությունը կարևոր դեր կունենա իսրայելական բարձր ղեկավար շրջանակներում, կմեծանա Իսրայել- Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերի վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունների ընկալումը»:
Թե ի՞նչ է ուզում իրականում Իսրայելը Հայասատանից, իսրայելական քաղաքականությանը քաջատեղյակ Հակոբ Անդրեսյանը հեռանկարային ոչինչ չի կանխատեսում, բայց համբերությամբ սպասելու առաջարկ է անում, քանի որ լուսանցքներում առկա հարցերի հանրայնացումը չի ուշանա:




