

Դեղերի, բենզինի, շաքարի գնագոյացման շղթայի ո՞ր օղակում է կորչում տրամաբանությունը, եւ ինչպե՞ս Վրաստանը գտավ այն, երբ իր երկրի ներսում էլ մրցակցային խնդիրները քիչ չէին: Հարցերի պատասխանները փորձել է ստանալ «Ռադիոլուր»-ը Վրաստանի մրցակցային մարմնի նախագահ Նոդար Խադուրիից:
Վերջինիս հետ հանդիպման առիթը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր՝ որպես Վրաստանի մրցակցային մարմնի հետ գործակցությանը նոր որակ հաղորդելու քայլ:
Սա ենթադրում է համատեղ ուսումնասիրել Վրաստանով Հայաստան հասնող ապրանքի գնագոյացման շղթան, հետազոտել շուկաներն ու լուծում տալ հնարավոր խնդիրներին:
Ընդամենը մեկ սահման, մոտ 200 կմ տարածություն, բայց վրացական կողմում դեղորայքը 2-3 անգամ մատչելի է, եւ մեր քաղաքացիներն այն Թբիլիսիից ձեռք բերելու ուղի են փնտրում: Այնտեղ թեեւ դեղերը դեղատոմսով են վաճառվում, բայց դա էլ են փորձում հաղթահարել: Հայ եւ վրացի գործընկերներն այսուհետ համատեղ են ուսումնասիրելու դեղերի եւ ոչ միայն դեղերի գնագոյացման շղթան. ո՞ր օղակում կարող են թվերն անհասկանալիորեն փոխվել՝ պետք է պարզել: Դեղերի գները, պարզվում է, Վրաստանում էլ են ցավոտ հարց՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ին՝ նկատում է Վրաստանի մրցակցային մարմնի նախագահ Նոդար Խադուրին:

«Մենք մի քանի տարի առաջ սկսել ենք զուգահեռ ներկրումներ կազմակերպել, հաջողվել է կայունացնել գները: Բայց միեւնույն է՝ բնակչության համար սա շատ բարձր ծախս է: Վրաստանում գործում է պարտադիր ապահովագրություն, եւ պետության համար եւս դա շատ ծանր ֆինանսական բեռ է: Պետք է աշխատենք այս ուղղությամբ»:
Բենզինը Վրաստանում այժմ գրեթե նույն գնին է, ինչ Հայաստանում՝ իր դիտարկումն է փոխանցում Խադուրին: Բայց տարբեր են բենզինի ձեռքբերման շուկաները: Վրացական շուկայի հիմնական մատակարարներն են ադրբեջանական եւ թուրքմենական ընկերությունները, նաեւ՝ Եվրոպան: Իսկ Հայաստանը պրակտիկորեն վառելիք է ձեռք բերում Ռուսաստանից։ Այն մեր երկիր է հասնում Վրաստանով: Ընդհանրապես՝ որակի ու գների տարբերություններն այստեղից են սկսվում՝ մանրամասնում է Վրաստանի մրցակցային մարմնի ղեկավարը: Վրացական շուկաներն էլ զերծ չեն գերիշխող դիրք ունեցողների սահմանափակումներից, մրցակցային խնդիրներից: Զարմանալիորեն Հայաստանի եւ Վրաստանի դեպքում զուգադիպում են շաքարի, վառելիքի ու ցորենի շուկաների կենտրոնացվածությունը: Կոշտ որոշումների կարիք եղավ ու կա՝ «Ռադիոլուր»-ին ասում է Նոդար Խադուրին:
«Շաքարն այսօր կրկնակի էժան է, քան երկու տարի առաջ: Վառելիք ներկրողներն այսօր մեծաթիվ են, այնինչ երկու տարի առաջ ընդամենը 5 ընկերություն կարող էր դրանով զբաղվել: Այսօր դատական տարբեր վարույթներ կան հակամրցակցային գործունեության հետ կապված: Իհարկե, մեկ օրում խնդիրները չեն լուծվում, բայց, կարծում եմ, այն, որ Վրաստանում մեզ հաջողվեց գներ նվազեցնել, պայմանավորված է մեր աշխատանքով ու նրանով, որ կարողացանք բավականին «ծանր» որոշումներ կայացնել»:
Վրացական մրցակցային մարմնի հետ գործակցության ամրապնդման կարիքը կար՝ ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրանց էլ Հայաստանի փորձը օգտակար կլինի՝ կարծում է: Զրուցակցիս առանձնապես չեն հրապուրում այն գնահատման չափորոշիչները, որոնցով հարեւան երկիրը տնտեսական ազատությամբ մեծապես առաջ է մեզանից: Անդրադառնալով «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, որ հայկական կապիտալը հոսում է Վրաստան, ու հատկապես վերջին տարիներին հայկական կապիտալով ընկերությունները հարեւան երկրում առանձնակի ավելացել են՝ Մանասերյանն արձագանքում է՝ խնդիրը մերն է, կապիտալի «փախուստը» կանխել է պետք:
« Մտահոգություններ ունեմ, իհարկե: Բայց եթե Վրաստան է տեղափոխվում, կարող է տեղափոխվել այլ երկիր եւս: Խնդիրն ավելի հստակ է դրված՝ մենք կարողանո՞ւմ ենք գրավչություն ապահովել, որպեսզի կապիտալի արտահոսք կամ «փախուստ» տեղի չունենա: Փորձում ենք ինչ-որ ձեւով օտարերկրացուն բերել Հայաստան՝ ներդրումներ անելու, մինչդեռ ինքներս զլանում ենք ներքին ներդրումների մասին անգամ խոսել»:
Ինչո՞ւ են նույն ապրանքի գները մեկ սահման այս կողմ զգալիորեն տարբերվում: Հաշվարկներն արդեն ավելի հստակ կլինեն՝ խոստանում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վրացի գործընկերների հետ համատեղ կուսումնասիրեն գնագոյացումը եւ վիճահարույց շուկաները, կփոխանակվեն տեղեկատվությամբ։ Սպառողն էլ գուցե իր տարատեսակ հարցերին տրամաբանական պատասխան ստանա:




