Վերլուծական

Ճեղքում՝ հայ-իսրայելական հարաբերություններում

Հայ-իսրայելական հարաբերությունները կարծես թե վերջին շրջանում ակտիվանում են: Դրա մասին են վկայում իսրայելագետները՝ հիշեցնելով խորհրդարանականների,  քաղաքական շրջանակաների ներկայացուցիչների այցերը, ու արդեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Իսրայել՝ կառավարության ղեկավարի հրավերով։

Ըստ մասնագետների, վերջին տարիներին հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների ակտիվացման միտումները իսրայելական կողմը դիտարկում է ինչպես երկկողմ համագործակցության զարգացման ձևաչափում, այնպես էլ որպես Իսրայելի մերձավորարևելյան և հարավկովկասյան արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Ինչո՞ւ է հենց այսօր հետաքրքիր դարձել ՀՀ-ը Թել-Ավիվի համար: Իսրայելագետներն իրենց պատասախանն ունեն:

Նախօրեին սկսվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդայնի այցը Իսրայել: Հրավերը ստացվել է ամենաբարձր մակարդակով՝ Իսրայել պետության վարչապետի կողմից, որը միաժամանակ կրում է երկրի ԱԳՆ ղեկավարի պարտականությունները։

Ըստ իսրայելագետ Կարեն Վերանյանի, այցելության հետ կապված իսրայելական պաշտոնական հաղորդագրությունում չկա որևէ հստակեցում, որ հրավերը հնչում է ԱԳՆ ղեկավարի մակարդակով, թե՞ ավելի բարձր՝ երկրի կառավարության ղեկավարի մակարդակով։  Հետևաբար՝ սա թույլ է տալիս հաստատել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից:

Քնեսեթի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Նալբանդյանի ղեկավարած հայկական պատվիրակության այցը Իսրայել բավականին ոչ ստանդարտ գնահատեց: Քաղաքագետը, այսօր կազմակերպած տեսակամուրջի ժամանակ, հիմնավորելով ասածը նշեց, որ ըստ ընթացակարգերի, երբ պետությունների ղեկավարները կամ ԱԳ նախարարները այցելում են այս կամ այն երկիր, ամեն բան միշտ առանձին արձանագրությամբ է ընթանում: Սակայն այս անգամ տեղեկություն չկա՝ շեշտեց Ցինկերը։ Տեղեկատվոթյան բացակայությունը նա բացատրում է ներքաղաքական այլ հետաքրքրությունների հետ:

«Իսրայելական մամուլի ուշադրությունը սևեռված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գերմանիայից սուզանավերի գնման գործարքի վրա, որը մեր հասարակությանն այսօր ամենից շատն է հետաքրքրում»:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, արդեն իսկ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Էդվարդ Նալբանդյանը և Քնեսեթի ղեկավարՅուլի Էդելշտեյնը հանդիպան ժամանակ անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ էլ Իսրայելի խորհրդարանի խոսնակը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է, և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

Հիշեցնենք, որ քննարկումներից մեկի ժամանակ խորհրդարանի խոսնակն ասել էր, որ «մենք չենք կարող ժխտել պատմությունը եւ ետ մղել մարդկային արժեքները քաղաքական եւ դիվանագիտական զգուշավորության պատճառով»: Իսրայելագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը որակապես նոր՝ առավել բարձր հարթություն կբերի երկկողմ գործակցությունը, քանի որ Իսրայելին հետաքրքիր է մեր տարածաշրջանը:

«Իսրայելի կողմից ՀՀ-Իսրայել հարաբերությունների ակտիվացումը կարող ենք պայմանավորել Իրանի հետ կապված խնդիրներով: ՀՀ կարող է կամուրջ հանդիսանալ շահերի համադրման տեսանկյունից: Իհարկե, դժվար գործընթաց է, եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործել: Կարծում եմ, թե իսրայելական, եւ միգուցե, իրանական որոշ շրջանականերում կա այդպիսի մտահոգություն»:

Ի դեպ, Կարեն Վերանյանի տեսակետին հակադրվեց Ալեքսանդր Ցինկերը նշելով, որ քանի դեռ Իրանի առաջնորդն է Այաթոլլահ Խամենեին՝ իսրայելա-իրանական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով էլ՝ հայ-իսրայելական հարաբերությունները պետք է զարգանան ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ տարբեր համագործակցությունների տեսքով:

Ըստ Նավասարդյանի, այս այցով երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ճեղքում կլինի, և այն վրիպումն ու բացթողումը, որ եղել է 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունների մեջ, ես կարծում եմ՝ կշտկվի՝ հույս հայտնեց նախկին փոխարտգործնախարարը: Իսրայելն այսօր տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկն է եւ ՀՀ-ի հետ նրա հարաբերությունների զարգացումը երկուստեք շահերի համար օգտակար կարող է լինել՝ ասում է Նավասարդյանը:

Եվ վերջում Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս այցում նրան ուղերկցել է Քնեսեթի փոխնախագահ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովը։

Կարդացեք նաև

Back to top button