

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ավարտեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննության փուլը:
Այսպիսով՝ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը մեղադրական ճառին պատրաստվելու համար դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց:
Դատական նիստն այսօր շատ կարճ տևեց, բայց այսօր տեղի ունեցած դատական նիստում մի քանի ուշագրավ հայտարարություններ հնչեցին գործով առանցքային ամբաստանյալի՝ Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի կողմից. Գաբրիելյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրեն սպառնացել է, որպեսզի Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տա.
«Էջմիածնում որ սպանություն ա կատարվել 2009 թվին, ինչ—որ Ջիվան Գասպարյան: Ես որ գտնվել եմ Սիբիրում: Ասում ա՝ 2009 թվին սպանություն ա եղել Էջմիածինում, նայի, եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը, կվեկալես:․ Էս ո՞նց հասկանանք»:
ԱԱԾ-ում ճնշումների մասին էր մի քանի նիստ առաջ հայտարարել էր նաեւ գործով վկա Աշոտ Շուշանյանը։ Ի դեպ, երբ դատախազը հայտարարեց, որ վկային չէր կարող քննիչը ճնշել, քանի որ նրան ԱԱԾ-ում երկար չեն պահել, Սանասար Գաբրիելյանը դարձյալ միջամտեց ու հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ:
«ԱԱԾ—ի անունը տուր, Աշոտը կանգնած այստեղ դողում է, չգիտենք՝ ԱԱԾ—ն ինչով է զբաղված: Աշոտին 10 րոպե էլ պահեին, ինչ ուղղորդեին, նա էլ պետք է աներ»:

Ավելի վաղ Գաբրիելյանը դատարանում պնդել էր, որ ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կապ չունի այս նախաձեռնության հետ: Այնինչ, ըստ մեղադրանքի, Բաբայանն է դրդել Գաբրիելյանին ու մյուսներին ձեռք բերել «Իգլա» զենիթահրթիռային համալիրը: Նշենք, որ Սամվել Բաբայանը սույն գործով նիստերին պարբերաբար պահանջում էր դատարան հրավիրել եւ հարցաքննել այն անձին, ով «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին: Չնայած նրան, որ Հրաչյա Մայիլյանը այս գործով ներկայացել էր դատարան, սակայն վերջինս օգտվել հրաժարվել էր ցուցմունք տալուց:
Այսպիսով, դատաքննության փուլն ավարտվեց: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, փոխադրել եւ պահել, ինչպես նաեւ ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։
Փաստաբան Ավետիս Քալաշյանն ասում է, որ ի սկբզբանե իրենք ասել են, որ մեղադրանքը չի ապացուցվել: Նշենք, որ Սամվել Բաբայանը նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, որ այդ զենքը ամենայն հավանականությամբ ինչ- որ մեկի ավտոտնակում է եղել եւ ապացուցելու է, թե դա ումն է:
Սամվել Բաբայանի դեմ որևէ մեկը ցուցմունք այդպես էլ չտվեց: Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 13-ին է։




