Հասարակություն

Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ Monsanto-ի արտադրանքից

Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Հայտնի է, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը:

Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը՝ ոչնչացնելով մեղուներին:

https://www.facebook.com/SerjTankian/posts/10155803931714798

«Նրանց՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը վերջ է տալիս մաքուր, օրգանական սննդին: Դրանք վնասակար են ձեր առողջության համար ու ահավոր համ ունեն: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում Monsanto-ն իր գործելաոճի համար հայտնի է որպես «չարիքի կորպորացիա»: Երբ ես այստեղ եմ՝ Հայաստանում, կծում եմ խնձորն ու զգում, որ այն մաքուր է, խրթխրթան ու համեղ: Խնդրում եմ, թույլ տվեք, որպեսզի դա այդպես էլ մնա: Monsanto-ի պատճառով ես այսպիսի խնձորներ չեմ կարողանում գտնել ԱՄՆ-ում»,-գրել է Թանկյանը:

Ռոքերը նաև խնդրել է տարածել իր կոչը:

Հայտնի է, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև:

Նշվում է, որ համաժողովին ներկա են եղել Valmont-ի ու Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանք ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:

Կարդացեք նաև

Back to top button