Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երևանի մամուլի ակումբը այսօր ներկայացրել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվությունը: Ինչպես հայտնել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, հետազոտությունը իրականացվել է երեք փուլով` 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 16-ը: Մշտադիտարկման են ենթարկվել Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք (Հ1), «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2),«Շանթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները, ինչպես նաեւ Հայաստանի հանրային ռադիոն եւ «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
Հերթական նախագահական ընտրությունների հետ ավարտվեց և հեռարձակվող ԶԼՄ-ներում համապետական վերջին երկու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկումը: Այս մասին լրագրողներին հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ամփոփելով մշտադիտարկման գործընթացը: Նախագահական նախընտրական արշավի երևի ամենակարևոր ձեռքբերումը`լրատվամիջոցների կողմից թեկնածուների հանդեպ խտրականության բացակայությունն էր: Ըստ հաշվետվության, մշտադիտարկված լրատվամիջոցներում հունվարի 21-ից փետրվարի 16-ը ժամը 18.00-ց մինչև 1.00 թեկնածուներին այս կամ այլ կերպ ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 196 ժամ, որից մոտ 13 ժամը` Հանրային Ռադիոյի եթերում:
Ինչևէ, հեռուստա և ռադիոեթերում ամենից շատ լուսաբանվել է Պարույր Հայրիկյանը, ամենից քիչ Արամ Հարությունյանը, ինչը կապված է առաջինի պարագայում մահափորձին հետևած ակտիվ լուսաբանմամբ և երկրորդի պարագայում փետրվարի 8-ին ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումով: Ինչպես նշվում է հաշվետվությունում, հատկացրած եթերաժամանակի ծավալով իրար մոտ էին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» եւ «Ազատություն» կուսակցությունների առաջնորդներ`
համապատասխանաբար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի ցուցանիշները:
Ըստ Բորիս Նավասարդյանը, փաստորեն հստակ կապ լուսաբանման և ընտրությունների արդյունքների միջև այս անգամ չարձանագրվեց: Մշտադիտարկումը ցույց տվեց, որ լրատվական և քարոզչական հաղորդումները ըստ բովանդակության քիչ էին տարբերվում միմյանցից: Այս ընտրություններում քաղաքական բանավեճերի անցկացման առումով արձանագրվեց նահանջ, փաստեց Բորիս Նավասարդյանը: Երևանի մամուլի ակումբի նախագահը չբացառեց, որ հեռարձակող լրտվամիջոցները մշտադիտարկման կենթարկվեն և մայիսի 5-ին նախանշված Երևանի ավագանու ընտրությունները, ինչից հետո նման ուսումնասիրություններ այլևս չեն իրականացվի: