Իրաքյան Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին պաշտոնապես հայտարարել է տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը լքելու մասին․ քուրդ առաջնորդի մանդատը լրանում է նոյեմբերի 1-ին։
«Ես հրաժարվում եմ տարածաշրջանի նախագահի պաշտոնում մնալ 2017 թվականի նոյեմբերի 1-ից հետո»,-ասվում է Բարզանիի՝ խորհրդարանին հասցեագրված ուղերձում, փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ ինքը կշարունակի ծառայել իր ժողովրդին փեշմերգա աշխարհազորի կազմում։ Բարզանին կարող էր նախագահի պաշտոնում մնալ ևս 8 ամիս, քանի որ որոշ լիազորություններ երկարացվել էին համընդհանուր ընտրություններում թեկնածուների բացակայության պատճառով։ Սակայն նա հրաժարվել է այդ որոշումից։
Բարզանին իշխանության ղեկին է 2005 թվականից։




