

Պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքներին միասին հետևելու՝ լրագրողներին տված խոստումը մշակույթի նախարարն այսօր իրականություն դարձրեց Արմավիրի ու Արագածոտնի մարզերի միանգամից երեք հուշարձաններում։ Առաջին կանգառը Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում էր, որտեղ Թարգմանչաց վանքն է վերականգնվում։

Նախարարի առաջին տպավորությունը բացասական էր. այս տարվա համար նախատեսված աշխատանքի ծավալը չգոհացրեց նրան, հատկապես, երբ պարզեց, որ եկեղեցում շինաշխատանքը սկսվել է միայն վերջերս։<<Շինարարության թույլտվությունը ստացել եք դեռ օգոստոսին, ինչ եք արել ավելի քան երկու ամիսների ընթացքում՝ բաց թողնելով հրաշալի ժամանակն ու եղանակային պայմանները>>,-հետաքրքվեց նախարաը։

Շինարարական աշխատանքն իրականացնող <<Արհովշին>> ընկերության ներկայացուցիչները վստահեցրին, որ աշխատանքի 8օ տոկոսն արդեն արված է։ Այս ընթացքում փակ տարածքում իրականացրել են քարերի մշակման աշխատանքը։ <<Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գմբեթի համար նախատեսված քարերը կտեղակայվեն>>։

Նույն շինարարական ընկերությունն իրականացնում է նաև Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքը, որն, ի տարբերություն նախորդի, այսօր ավելի գոհացրերց նախարարին։

Շուրջ 12 տարի վերականգնվող իր տեսակի մեջ բացառիկ՝ յոթ խորան ունեցող 7-րդ եկեղեցին նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

Նախատեսված ժամկետից փոքրիկ շեղումները չեն բացառվում։

Մշակույթի նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն այսօր այցելեցին նաև Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազիկ եկեղեցի, որտեղ միայն ամրակայման աշխատանք է կատարվում։

Երկաշարժից գրեթե 8օ տոկոսով փլուզված 7-րդ դարի եկեղեցում այս տարի նախատեսված է ավարտին հասցնել քարերի հավաքման, մաքրման, համարակալման և ջրահեռացման աշխատանքները։ Շինարարական ընկերության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանը վստահեցրեց՝ ամեն ինչ կհասցնեն ժամանակին։

<<Ընդհանուր առմամբ պատկերը մտահոգիչ էր, ես ավելին էի ակնկալում, բայց կա մի բայց… առաջին անգամ է, որ նման ձևաչափով հանրային վերակսկողության են ենթարկվում մեր հոգևոր ժառանգության վերականգնման, ամրակայման աշխատանքները>>,-ամփոփելով այցը լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

<<Մենք հայտնվել էինք մի շրջանակի մեջ, որտեղ ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում էին միևնույն տեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպությունները, ինչը արդեն շատ վատ էր։ Մենք մրցույթի պայմաններից հանեցինք՝շինարարական ընկերության հուշարձանների վերականգնման ոլորտում առնվազն5-1օ տարվա փորձառության պահանջը։ Փոխարենը նշեցինք, որ մրցույթին կարող է մասնակցել առանց հիշյալ փորձառությամբ կազմակերպությունը՝ իր աշխատանքում ներգրավելով փորձառու մասնագետի։ Արդյունքում,թեև պակաս փորձառությամբ, բայց դաշտում հայտնվեցին նոր կազմակերպություններ, ինչը իմ կարծիքով չափազանց կարևոր է >>,-ասաց Ամիրյանը։

Նախարարը վստահ է, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեկնարկին հատուկ բոլոր դժվարություններով հանդերձ, մրցույթի անցկացման և հանրային վերահսկողության նման ձևաչափը հետագայում շոշափելի արդյունք է տալու։

Նախարարը խոստացավ՝ հանրային վերահսկողության նույն ձևաչափը հաջորդ շաբաթ կկիրառվի Լոռու մարզում գտնվող Քոբայր և Սանահին եկեղեցիներում։





