

Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում կսկսվեն հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումները: Համայնքների ղեկավարների մեծ մասի ակնկալիքները բյուջեի հատկացումներից ավելին են, քան՝ նախատեսվում է: Այստեղ է, որ գյուղապետերի ու ֆինանսների նախարարի կարծիքները բախվում են: Վարդան Արամյանը հայտարարել է. «Կամաց-կամաց պետք է նրան գնանք, որ մարդիկ այդ ասեղի՝ դոտացիաների վրա նստած չլինեն»: Ֆինանսների նախարարը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ իրենք քաջ գիտակցում են՝ համայնքներում, ու ընդհանրապես հանրապետությունում, կարիքներն ավելի շատ են, քան՝ բյուջեի հնարավորությունները։

Համայնքների բյուջեները կառավարության մանրադիտակի տակ են: Կառավարության ղեկավարը վերջին ամիսներին ավելի շատ անդրադարձավ համայնքների սեփական եկամուտների ավելացման խնդրին, քան անցած բոլոր տարիներին բոլոր վարչապետերը միասին վերցրած: Կարեն Կարապետյանը ընդգծում է՝ 2018-ից շատ ուշադիր են հետևելու, որպեսզի բյուջեից համայնքներին տրամադրվող գումարները նպատակային ծախսվեն:
Այս կառավարության ակնկալիքները համայնքներից բավականին լուրջ են՝ զարգացման ու ներդրումային ծրագրեր են ցանկանում տեսնել: Այստեղ է, որ համայնքների ղեկավարների ու կառավարության պատկերացումները գրեթե չեն համընկնում: Զարգացման ծրագիր ասելով՝ կառավարությունում պատկերացնում են աշխատատեղերի ստեղծում, ենթակառուցվածքների զարգացում: Համայնքներում, սակայն, շեշտադրումն այլ է՝ մշակույթի տան, մանկապարտեզի վերանորոգում, լուսավորության ապահովում:
Լոռու մարզի ամենամեծ՝ Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը 12 տարվա գյուղապետ է, այս ընթացքում սեփական եկամուտները կարողացել է շատ քիչ ավելացնել։ Վստահեցնում է՝ «չկա գործարար, որ գա ասի Գուգարքում ինչ- որ բան է ուզում անել: 12 տարի է, զանգում եմ, ասում եմ։ Մի գործարար առաջարկություն չի արել»:
Կառավարությունը համայնքներում նաև սեփական եկամուտների հավաքագրման ավելացում է ակնկալում: Սակայն համայնքների ղեկավարների մեծ մասի հույսը բյուջեի դոտացիաների վրա է: Կառավարությունում այլ շեշտադրումներ են անում:Մեր երկրի ֆինանսների կառավարչի՝ Վարդան Արամյանի դիրքորոշումը հստակ է. «Իրականում համայնքները դոտացիաներով պահելը վատ է: Ես պետք է փորձեմ այնպես անել, որ համայնքը ինքը իրենով աշխատի»։

Գյումրիի օրինակն է բերում։ Նշում է՝ այն զարգացնելու համար ենթակառուցվածքներն են բարելավում։ «Մարդը ոչ թե երկու ժամ տնգտնգալով գա, այլ 40 րոպեում միանգամից հասնի Երևան։ Նույնը նաև մնացած ուղղություններով : Մեր մոտեցումը հետևյալն է՝ ես կամաց-կամաց պետք է գնամ նրան, որ մարդիկ այդ ասեղի վրա նստած չլինեն, համայնքներն իրենք աշխատեն»:
Ֆինանսների նախարարը գիտի՝ համայնքներում կարիքներն ավելի շատ են, քան՝ հնարավորությունները: Բայց և ընդգծում է՝ համայնքներում պետք է այնպես անել, որ համայնքը ոչ թե պարտք կուտակի, այլ՝ եկամուտ ստանա։ «Միգուցե ավելի տրամաբանական կլինի այնպես անենք, որ տվյալ համայնքը կարողանա եկամուտ գեներացնել, ոչ թե պարտքեր կուտակի՝ հողի հարկի մասով, և բյուջեն էլ փոխհատուցի, կամ լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տա: Այդ դեպքում միգուցե ճիշտ է, որ մենք ճանապարհ կառուցենք»:
Արամյանի խոսքով, երկրի ՀՆԱ-ի 60 տոկոսը Երևանում ու հարակից մարզերում է ստեղծվում, մինչդեռ համայնքներն աղքատությունից «մեռնում են»: Սա ֆինանսների նախարարի խոսքով, խնդիր է: Լուծման բանալին ենթակառուցվածքների զարգացումն է։ Զրուցակիցս մի քանի անգամ է ընդգծում՝ անկախ ամեն ինչից պետք է այնպես անել, որպեսզի կարողանան հարկատուների գումարները խելամիտ ծախսել:




