

Արմավիրի մարզի Նորապատ գյուղի վթարային կառույցի հրդեհը միտումնավոր բնույթ ունի, այս կարծիքին են հենց բնակիչները:
Շինությունը նախկինում պատկանել է կոճակի գործարանին, ապա ձեռքից-ձեռք անցել:
Գործարանի վթարային 2 շենքերը պատկանում են ,,Ամրակ ,,ԲԲԸ-անը: Թե ինչից է ծագել հրդեհը ցույց կտա փորձագիտական եզրակացությունը:
Արդեն մեկ շաբաթ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի հրդեհված շենքի բնակիչների մի մասը գիշերում է հարևանների տանը, մյուսներն՝ անցկացնում խարույկի մոտ: Սիլիկյան փողոցի 9-րդ շենքի կամ ինչպես իրենք են ասում Կոճակի գործարանի 2-րդ շենքի 11 բնակարանի մոտ 25 բնակիչ մի գիշերվա մեջ անօթևան դարձավ:

Խուճապային իրավիճակից դուրս գալով նրանք սկսել են վերհիշել հրդեհի ծագման պատմությունը, որն ուղղակի, թե անուղղկի կապվում է օրեր առաջ իրենց բակում չափ ու ձև անող անծանոթ տղաների հետ: Նրանք առաջարկել են ազատել շենքը, քանի որ շինությունն իրենց սեփականությունն է: Հրդեհված շենքի բնակչուհի Անժելա Գևորգյանը պատմում է, որ անծանոթները վերջին անգամ հոկտեմբերի 7-ին են եկել :

1927 թ կառույցը պատկանել է Սարդարապատ կայարանին, որտեղ հետագայում ապրել են բամբակ գործարանի բանվորները: Ավելի ուշ եղել է Արմավիրի շրջանային դատարանի շենք, կոճակի գործարանի գրասենյակ, որն աստիճանաբար նորից բնակեցվել է գործարանի աշխատողներով: Շենքի բնակիչները փաստացի ապրողներ են, չունեն սեփականության վկայական: Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը նշեց, որ շինությունը պատկանում է ,,Ամրակ,, ԲԲԸ-անը:

Բնակիչների մի մասը հնաբնակներ են՝ 30-40 տարի ապրում են նույն հասցեում: Նրանք կոճակի գործարանի աշխատողներ են եղել:

Հրդեհի բռնկումն առաջինը Գյուլիզար Ղասոյանն է տեսել ու բոլորին ահազանգել դուրս գալ տնից: Հարևանները խոստովանում են, եթե Գյուլիզարը չտեսներ ու ձայն չտար, ապա իրենք էլ մոխրի կույտ կդառնային ու կմնային փլատակների տակ: Շենքում չկան կոմունալ հարմարություններ, օգտվում են դրսի սանհանգույցից: Գիշերը Գյուլիզարը դուրս գալով շենքի նկուղում լույս է նկատել, կարծել է, որ հարևանն էլապտերով մտել նկուղ: Քիչ անց տարածվել է հրդեհը:

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում առաջին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 22-ին ժամը 22-20-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 8 մարտական հաշվարկ և հրդեհը մեկուսացրել են կեսգիշերն անց՝ ժամը 1-ին: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի խոսքերով հրդեհի տարածումը միանգամից է եղել, քանի որ շենքը բաղդադյա շինություն է, այսինքն՝ միջնապատերը, հենասյուները, տանիքն ամբողջությամբ փայտյա են:
Հրդեհաշիջումից հետո էլ փրկարարները 2 օր հերթապահել են, քանի որ փլուզման վտանգ դեռ կար, այնուհետև օգնել են դուրս բերել փրկված գույքը, այդ թվում արժեքավոր իրերը և ոստիկանների ներկայությամբ հանձնվել տերերին:

Իսկ թե ինչպես է բռնկվել հրդեհը Հովհաննես Մարգարյանը դժվարացավ պատասխանել: Այն պարզ կլինի փորձագիտական եզրակացությունից հետո:
Շենքի մի մասի պատերն են կանգուն, մնացածը փլատակներ են ու մոխիր: Բնակիչները չեն հեռանում հարազատ բակից, Արմավիրի քաղաքապետարանը վրան ու ներքնակ է տրամադրել: Իմ այցի ժամանակ բնակիչները երկրորդ վրանն էին ամրացնում, բայց այս անգամ իրենց միջոցներով էին ձեռք բերել: 2 օր առաջ Արամվիրի քաղաքապետարանը տուժածներին շնչին 60000-ական դրամ է հատկացրել, կացարան առաջարկել՝ ըմբշամարտի մարզադպրոցում, բայց նրանք հրաժարվել են:
Կառավարությունը երեկվա նիստով պահուստային ֆոնդից գումար է նախատեսել հրդեհից տուժածների ժամանակավոր կեցությունը ապահովելու նպատակով: Բնակիչները հրաժարվում են ժամանակավոր կացարաններից ու վարձակալած բնակարաններից:

Նրանք մտահոգված են կոմունալ ծախսերով, ձմռանը ջեռուցման խնդիր ու այլ հոգսեր կան, որին նախապատրաստվել էին գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներ կատարելով: Ընտանիքներ կան, որտեղ այրվել է ապառիկով նոր ձեռք բերած սառնարանն ու լվացքի մեքենան: Մտածում են նաև չեղած գույքի գումարի մարման մասին:
Հրդեհված շինության կողքին կա ևս նմանատիպ վթարային մի կառույց՝ փայտյա հենասյուներով ու փայտաշեն պատշգամբով, որտեղ ապրում են նաև մանկահասակ երեխաներ ու տարեցներ: Այստեղ դժբախտ դեպք էլ է գրանցվել, փայտյա հատակը կոտրվել է ու տարեց մարդն ընկնելով ներքև՝ մահացել է:
Վթարային մյուս շենքի բնակիչները ևս մտահոգված են, որ կարժանանան դրկիցների բախտին: Ասում են հերթափահություն ենք սահմանել, որ գիշերը իրենց շենքն էլ չհրդեհվի:
Տուժածներին առաջարկվել է օգտվել բարեգործական ճաշարանից, հագուստ են բերել, նրանց օգնում են հարևան շենքերի բնակիչները:




