
հրապարակված 11.51-ին
լրացված 16.40-ին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր: Նրանց մի մասը զեկուցվող չէին, ինչպես օրինակ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» նախագիծը:
Զեկուցվող հարցերից մեկով կառավարությունը Արմավիրի մարզպետարանին գումար է հատկացրել՝ օրեր առաջ մարզի համայնքներից մեկում տեղի ունեցած հրդեհից տուժած ընտանիքներին:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ռադիոլուրին» փոխանցել է՝ սա հրատապ աջակցություն է, նաև վստահեցրել՝ որևէ բնակիչ դրսում չի մնա, չնայած մարզպետարանը սոցիալական բնակարանային ֆոնդ չունի:
Հոկտեմբերի 22-ի երեկոյան հրդեհ բռնկվեց Արմավիրի մարզի Նորապատ գյուղի Սիլիկյան 5 շենքում: Շենքը նախկինում պատկանում էր է կոճակի գործարանին: Այն տրվել էր այդտեղ ապրող բնակիչներին՝ որպես ժամանակավոր կացարան: Այնուհետեւ, գործարանի լուծարումից հետո, շենքն անցել է այլ սեփականատիրոջ:
Հրդեհից բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան, սակայն շենքում փաստացի բնակվող ընտանիքները հայտնվեցին փողոցում.
Հրդեհի հաջորդ օրն ամեն ինչ անորոշ էր, այսօր էլ՝ չորս օր անց, հստակ է մի բան՝ առաջիկա չորս ամսում ընտանիքները փողոցում չեն գիշերի: Կառավարութունը նրանց հրատապ աջակցություն կցուցաբերի:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյան.
2,640.0 հազ. դրամ կառավարության աջակցությունն այսքան է կազմում: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 240 հազար դրամ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ 11 ընտանիքի կտրամադրվի աջակցություն:
«Առայժմ 4 ամսվա խնդիր է լուծվել, նախնական հարցը կարգավորվի, հետագայում մտածենք, թե ինչ կարգով ենք այդ ընտանիքների խնդիրը լուծում: Դա հրատապ օգնություն է»:
Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ բնակիչն ինքը կորոշի մնալ առաջարկվող վարձով բնակարանում, թե՝ ինքնուրույն բնակարան գտնել: Միջին արժեքը մեկ բնակարանի մոտ 60 հազար դրամ է կազմում:
Արմավիրի մարզի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ իրենք անկողնային ու խոհանոցային պարագաներ, ինչպես նաև տաք շորեր են տրամադրել:
Առաջիկա վեց ամիսներին այս ընտանիքների կոմունալ վարձավճարները կփոխհատուցի մասնավոր ընկերությունը: Մարզպետը նշեց, որ իրենք բնակարանային ֆոնդ չունեն, ազատ բնակարաններ նույնպես, սակայն վստահեցրեց՝ բնակիչները դրսում չեն մնա:




