Հասարակություն

Փաստաբանն առաջարկում է. Հանրային ծառայությունն անհասանելի լինի զինվորական ծառայություն չանցածների համար

Մեծ աղմուկ բարձրացրած  «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում է: Օրինագծով փաստորեն հանվում է ուսանողներին տրվող տարկետման իրավունքը:

Մինչ խորհրդարանը քննարկում է,  մեր թղթակիցը զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի մասին հասարակության տարբեր խմբերի կարծիքն է ի մի բերել:

 

Շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որով, ըստ էության, արմատական փոփոխություններ են նախատեսվում զինապարտության և զինվորական ծառայության օրենքներում: Փոփոխություններ, որոնք շոշափելու են բոլորիս իրավունքներն ու տրամադրությունները՝ նկատում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում կան վիճահարույց դրույթներ, որոնցով փոփոխվում է զինծառայողների ծառայության ամբողջ ընթացակարգը: Փաստաբանը, իհարկե, նախագծին դեմ չէ, միայն թե կան կետեր, որոնք պետք է վերանայվեն: Նախ՝ նշվում է, պարտադիր ժամկետային  զինվորական ծառայության մասին օրենքը խախտած անձինք չեն կարող անցնել հանրային ծառայության: Սա ողջունելի քայլ է, բայց կիսատ է, ասում է Նորիկյանը:

Փաստաբանը կնախընտրեր հանրային ծառայությունն ընդհանրապես անհասանելի լիներ բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառաբանությամբ պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել:  Այդպես ավելի արդար կլինի՝ ասում է:

Նորայր Նորիկյանն առաջարկում է 18 տարին լրանալուց հետո բոլորը մեկնեն ծառայության, սակայն բանակը լինի մեկուկես տարի` ինչպես Վրաստանում և Ռուսաստանում է: Ինչ վերաբերում է բանակից հետո սովորելու ցանկության նվազմանը, փաստաբանը համամիտ չէ այդ մտահոգության հետ:

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքի է։ Ըստ նրա՝ բանակից հետո երիտասարդներն ավելի վատ են սովորում, քանի որ սոցիալական խնդիրներ ունեն լուծելու, դասերից ավելի հաճախ են բացակայում, քննություններն ավելի վատ են հանձնում:

Ի տարբերություն դասախոսի՝ օրինագծին կողմ է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Երաժիշտն էլ կարող է ծառայության իր առանձնահատկություններն ունենալ, բայց որ պետք է բոլորը ծառայեն, միայն ողջունելի է՝ ասում է։ Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե ծառայությունը կարող է խանգարել գիտության զարգացմանը:

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը այլևս ԱԺ օրակարգում է: Մինչ խորհրդարանը քննարկում է, ուսանողները շարունակում են բողոքել  «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության» մասին օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունների դեմ։ Ակադեմիական տարկետման իրավունքի վերացումը չի օգնի բանակին, փոխարենը՝ կվնասի գիտությանը: Նախաձեռնության անդամներն այս նախագծի ընդունման դեպքում նաև արտագաղթի մեծ ռիսկեր և կրթության մոտիվացիայի մեծ կորուստ են տեսնում:

Կարդացեք նաև

Back to top button