

Էլեկտրական շարժիչով մեքենաներն արդեն հասանելի են նաև հայ վարորդներին: Էկոլոգիապես մաքուր մեքենաները հարկատեսակներից ազատելու հանձնարարականը վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն տվել է:
Իսկ ներկրողները փորձում են հայ սպառողին ներկայացնել դրանց մատչելիությունն ու հարմարավետությունը:
Որքանո՞վ են այս մեքենաները անվտանգ և արդյո՞ք էլեկտրամոբիլները կդիմանան մեր ճանապարհներին, որոնք են դրանց բնապահպանական առավելությունների, մատչելի՞ են արդյոք։
2011 թվականից արտադրության մեջ գտնվող էլեկտրամոբիլներն արդեն Հայաստանում են: Ճապոնական արտադրության Nissan Leaf փոխադրամիջոցները բնապահպան Կարինե Դանիելյանը համարում է էկոլոգիական նախաձեռնություն:

Ըստ բնապահպանի՝ էլեկտրամոբիլներն արտանետումներ չունեն և քաղաքներում թունամշուշներ չեն առաջացնի, սակայն այստեղ մեկ այլ խնդիր է տեսնում՝ քաղաքը շատ էլեկտրաէներգիա պետք է մատակարարի, որ փոխադրամիջոցները հնարավոր լինեն լիցքավորել:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը կիսում է գործընկերոջ կարծիքը՝ էլեկտրամոբիլների արտադրությունը համարելով բնապահպանական ձեռքբերում: Սակայն մտավախություն ունի, որ էլեկտրամոբիլների կիրառումը խրախուսելով ՝ զարկ կտրվի նաև միջուկային էներգետիկայի զարգացմանը։
«Շատ խրախուսելի է, որ կա: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ գոնե հիմա այսքան ուշացումով Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը դրվի արեգակնայինի վրա»:

Եթե ժամանակին արեւային էլեկտրակայանը համարվում էր անիրական, ապա այսօր արդեն Կալիֆորնիայում գործում է 3 նման կայան՝ տեղեկացրեց Սանասարյանը: ճապոնական արտադրության մեքենաներ ներկրող ավտոմարզիկ Էդուարդ Եղյանն էլ նշում է, որ օրինակ Ռուսաստանում արեգակնային մարտկոցներով լիցքավորվող ավտոմեքենաներն ավելի երկար են աշխատում։
Ասում է, որ արեգակնային լցակայանները հասարակական վայրերում տեղադրելն ավելի անվտանգ է, քան այն անմիջապես ավտոմեքենայի վրա տեղադրելը:
«Իրան պետք է գունային այդ ֆոնով ծածկել, չէ որ ինքը հայելի է: Իսկ հետևից ընթացող բարձր մեքենաների համար լույսի ներթափանցման արդյունքում կարող է վտանգավոր լինել»:
Այս մեքենաներն ունեն նաև կարմիր գծերի կայանման հետ կապված առավելություն՝ գումար չի գանձվում, սակայն այս հարցում մեկ խնդիր նկատեց:
«Քաղաքապետարանը պետավտոտեսչության հետ կապը այնքան կապված պետք է լինի, որպեսզի ես չգամ այդ կայանատեղիում կանգնեմ և այդ համարանիշների վրա ակտ գա, այսինքն միանգամից այդ նկարող մեքենան պետք է ունենա քաղաքապետարանի հետ այդ կապը, որ տեսնեն դա էլեկտրամոբիլ է»:

Էդուարդ Եղյանն էլեկտրական շարժիչով մեքենաները համարում է ապագայի փոխադրամիջոց՝ հարմարավետ, անաղմուկ աշխատող և արագընթաց: 3 ժամ 20 րոպեի ընթացքում լիցքավորվող ճապոնական մեքենան Հայաստանի պայմաններում գնում է նվազագույնը 170 կմ։ Այս ավտոմեքենաների համար դեռևս խնդիր են լցակայանները։ Դրանք Հայաստանում 5-ն են:
2017 թվականին ներկրված էլեկտրամոբիլներն արժեն 7000-ից 8500 դոլար, իսկ հարկերից ազատվելու դեպքում 2016-2017 թվականի արտադրության մեքենաները կարժենան մոտ 5500 դոլար՝ ասում է ներկրողը: Վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք գերատեսչությունների հանձնարարել է մեկամսյա ժամկետում քննարկել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու հնարավորության հարցը։




