Քաղաքական

ԱԺ հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների նախագծերի մերժմամբ

Ազգային ժողովի հերթական քառօրյան սկսվել է ընդդիմադիր խմբակցությունների 3 նախագծերի մերժմամբ: Դրանցից 2-ը ներկայացրել է Ծառուկյան դաշինքը, մյուսը՝ «Ելք» խմբակցությունը:

Վերջինով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում հստակ ամրագրել, որ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում  պատգամավորները քրեակատարողական հիմնարակներ անարգել մուտք գործելու և ձերբակալված կամ կալանավորված անձանց անարգել տեսակցելու իրավունք ունեն:

Այս նորմը գործող օրենքում ամրագրված է, բայց կիրառվում է կամայականորեն՝ ասել  են Ելքի ներկայացուցիչները: Էդմոն Մարուքյանն ակնարկել է, որ օրենքի նորմն անարգել գործել է մինչև Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը: Ակնարկին արձագանքել է արդարադատության նախկին նախարարը:

Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագծին նիստերի դահլիճում կողմ է քվեարկել  35, դեմ՝  51 , ձեռնպահ 6 պատգամավոր: Նախագիծը նստաշրջանի օրակարգ չի ընդգրկվել:

Վերադառնալով Ծառուկյան դաշինքի երկու նախագծերին նշենք, որ դրանցից մեկով առաջարկվել է նոր հարկային օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը դարձնել 115 մլն դրամ, մյուսով՝ փոփոխություններ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում և թույլատրել կասկածյալների ու մեղադրյալների հարցաքննությունների տեսանկարահանումը, այս երկու նախագծերի ընդգրկումը քառօրյայի օրակարգ մերժվել են։

Կարդացեք նաև

Back to top button