

Մուսելեռցիների 2-րդ բնօրրան համարվող Այնճար բնակավայրը միակն է սփյուքռքում, որտեղ բոլոր կառույցներն ու ենթակառուցվածքները տնօրինում են հայերը: Այնճարում գործում է 3 եկեղեցի, 3 վարժարան: Նախորդ ամսի սկզբին էլ շահագործվել է հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզական համալիրը: Այստեղ խրախուսվում է մանր ու միջին բիզնեսի զարգացումը:
Ցեղասպանությունից փրկված Մուսա լեռցիները 1939թ-ին հաստատվեցին Լիբանանի Այնճար գյուղում, որը հետագայում շենացրին՝ դարձնելով դրախտավայր: Մուսա Լեռան 6 բնակավայրերից տեղահանված հայերն իրենց գյուղերի անուններով թաղամասեր են հիմնել Այնճարում՝ Քեբուսիե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուկ, Հաջի Հաբիբլի և Բիթիաս: Ապրում են ու արարում: Այնճար հայավանի քաղաքապետ Վարդգես Խոշյանը առանձնացնում է Այնճարը սփյուռքի մյուս հայաշատ բնակավայրերից:

Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ֆրանսացիների հոգածությամբ հողամասեր ձեռք բերած հայերը տարածքը վերածել են օազիսի: Կլիման բարենպաստ է, հողը՝ պարարտ, ջուրն առատ ու մաքուր: Քաղաքապետն ասաց, որ Այնճարի բնամթերքը արտահանվել է Պարսից Ծոցի երկրներ, սակայն պատերազմի պատճառով ճանապարհները փակվել են ու ապրանքների լճացում կա Լիբանանի շուկայում:

Գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություններ հիմնելու ուղղությամբ քայլեր արվում են: Վարդգես Խոշյանը նշեց, որ ցանկանում են զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, որպեսզի մարդիկ կարողանան ընտանիքներ պահել: Խոշոր գործարաններում էժան աշխատուժ են պահում, իսկ հայերը բարձր վարձատրվող աշխատանք են կատարում:

Այնճարում հիմնական բնակչությունը 10000-ից ավելի է, սակայն աշխատանքի և ուսման պատճառով միգրացիան մեծ է, ուր էլ լինեն ամռանը վերադառնում են տուն: Գործող հայկական 3 վարժարանում լիբանանյան ծրագրերինին զուգընթաց յուրացվում են հայկական ծրագրի դասընթացները՝ հավելաժամերով, որպեսզի սերունդը շատ չհեռանա իր արմատներից ու պատմությունից: Համայնքում գործում է 3 եկեղեցի՝ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական: Տոկոսային հարաբերությամբ տեղի բնակչության 80 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են: Աստիճանաբար քաղաքի վերածված գյուղում տուրիզմի զարգացման հեռանկարներ կան: Մուսալեռցիների խոհանոցը բազմատեսակ է բազմահամ, յուրայինի ու օտարի քիմքին հարիր: Միայն Օգոստոս ամսվա սկզբին մուսուլմանական Էյդ ալ-Ադհայի զոհաբերության տոնին գրեթե 50 000 զբոսաշրջիկ է այցելել Այնճար ու ճաշակել հայկական խոհանոցի կերակուրները:

Ճաշացանկում առաջին տեղում մուսալեռցու հարիսան է, որը մեծխորհուրդ ունի յուրաքանչյուր մուսլեռցու համար: Այն պահպանվում է ու ավանդաբար փոխանցվում նոր սերնդին: 1915թ-ին գրեթե 2 ամիս հարիսայով են ապրել շրջափակման մեջ գտվող մուսալեռցիները: Խաչվերացի տոնին հաջորդող կիրակին բազմաթիվ մուսալեռցիներ համախմբվում են ու հարիսա եփում և բաժանում, որպես մատաղ: Հարիսան պատրաստում են ոչխարի մոսվ:

Այնճարում գործում են տարբեր մշակութային ու մարզական հաստատություններ: Վերջերս՝ սեպտեմբերի 9-ին, Այնճարում շահագործման է հանձնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզական մեծ համալիրը, որ իր տեսակով միակն է Լիբանանի մեջ: Մուսուլմանական աշխարհում Այնճարը պահում է հայի ինքնությունն ու դիմագիծը: Քաղաքապետ Վարդգես Խոշյանը նշում . ,, Որքան էլ ապահով լինենք, դա այնքան էլ վստահելի չէ, քանի որ թաքնված ուժեր կան, որոնք որևէ քաղաքականա առումով կարող ն արթնանալ: Մենք պետք է միշտ ըլլանք հերոսամարտ կերտելու ահազանգի մեջ, այն արմատացած է մեր հոգիներում,,:




