

Ղարաբաղյան խնդիրը քննարկման առարկա է դարձել ԱՄՆ Կոնգրեսի հելսինկյան հանձնաժողովում:
Կարծիքներ են հնչել, թե այն պատերազմի վերաճելու լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
Գնատհատականներ են հնչել նախկին համանախագահներից, թե կողմներն իրականում մի քանի անգամ մոտ են եղել խնդրի կարգավորման և այսօր էլ պատկերը անմխիթար չէ:
Հայկական ու ադրբեջանական կողմերն այսօր իրար չեն վստահում, վստահություն չկա նաև միջնորդների նկատմամբ: Հայկական կողմն այլևս չի վստահում անվտանգության երաշխիքներին, Բաքվում էլ կասկածներ կան, թե միջնորդները փորձում են հավերժ պահպանել ներկա ստատուս քվոն. այսպես են արցախյան հակամարտության խնդրի ներկա փուլը գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հելսինկյան հանձնաժողովում կայացած քննարկումների ժամանակ:
Այն գործոնները, որ հանգեցրին ապրիլյան քառօրյա պատերազմի, ոչ միայն չեն վերացել, այլ էլ ավելի են սրվել ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

«Չեմ կարծում, որ լարվածությունը բխում է որևէ մեկի շահերից, բայց եթե այն վերահսկողությունից դուրս գա՝ կհանգեցնի մարդասիրական լուրջ հետևանքների: Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է: Տարածաշրջանում գործող մարդասիրական կազմակերպություններն այնքան են մտահոգված, որ այժմ հնարավոր պատերազմի համար գործողությունների ծրագրեր են մշակում»:
Ղարաբաղյան խնդրով փորձագետ Արթուր Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցչի հայտարարությանը, նշեց, որ այդ կարծիքը իրականությանը չի համապատասխանում։
Բնականաբար այդպես չի կարող լինել, քանի որ ավելի ռազմականացված գոտիներ կան, որ շատ ավելի վտանգավոր ռազմական տեխնիկա ունեն: Այնպես որ՝ համամիտ չեմ նրա այս կարծիքին
Ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
Խոսքն, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոյի, բնականաբար՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանձնառությունների կատարման մասին է՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, դիտորդների թվաքանակի ավելացում և այլն: Նախկին միջնորդը կարծիք է հայտնել, որն ավելի շատ նման է առաջարկի:
Նա նշել է, որ եթե կողմերը չեն կարող իրականացնել հանձնառությունները, ապա գուցե պետք է փոխարենը այլ ուժերի միջեւ համաձայնագրերի ստորագրմանը հասնել: Օրինակ, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Այս հարցում քաղաքագետի կարծիքով՝
«Ղարաբաղյան խնդրում Թուրքիայի անմասն մնալը թեկուզ անուղղակի անհնար է»:
«Կողմերի դիրքորոշումներն իրականում բավականին մոտ են»,- ի հակադրություն հնչած կարծիքների՝ ասաց Մինսկի խմբի մեկ այլ նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Նրա ձևակերպմամբ՝ կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, եւ վերջին անգամ դա 2011 թվականին էր: Նախկին միջնորդի խոսքով բոլոր առաջարկները պետք է դիտարկել իբրև մեկ հավաքական պայմանագիր:




