
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Փոլադ Բյուլբյուլօղլուն ընտրությունների առաջին փուլից հետո հրաժարվել է այդ պաշտոնի համար պայքարից:
Իր որոշումը Բյուլբուլօղլուն հիմնավորել է տարածած հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ իրեն չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ ձայներ ստանալ, չնայած իր ակտիվ նախընտրական գործունեության։
«Ես ցավով ընդունեցի պայքարից դուրս գալու որոշումը, սակայն դա անում եմ գործն իրականացնելու պարտքի զգացումով, քանի որ ինձանից կախված ամեն ինչն արել եմ», — ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը։
Ավելի վաղ հայտնել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են 6 երկրի ներկայացուցիչներ:
Նշվում է, որ քվեարկության առաջին օրվա արդյունքներով՝ ֆավորիտների եռյակում են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթթաբը:
Քվեարկության հաջորդ փուլը չորեքշաբթի տեղի կունենա: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 13-ը:




