

Սեպտեմբերի վերջին ու հոկտեմբերի սկզբին քաղաքացիները սպառման ցանցում մի շարք ապրանքատեսակների կտրուկ թանկացման ականատես եղան:
Սպառողների շահերի պաշտպաններն արձագանքում են՝ կարագն ամենաշատն է թանկացել:
Բայց երբ սկսում ենք անդրադառնալ գներին, միանգամից բախվում ենք միմյանց հակասող դիտարկումների:
Ընդ որում՝ իրարից կտրուկ տարբերվում են հենց պետական կառույցների հաշվարկները:
Ինչպես է ստացվում, որ գների վիճակագրությունը հաշվարկելիս մեզ մոտ թվաբանությունը դադարում է ճշգրիտ գիտություն լինելուց։
Կարագը վերջին մեկ ամսում թանկացել է մինչև 40 տոկոսով. կոնկրետ տեսակի կիլոգրամը 2600-ից հասել է 3800 դրամի. սպառողների շահերի պաշտպաններն են արձանագրում: Այնինչ վիճակագիրները նույն պատկերն այլ կերպ են տեսնում: Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս սեպտեմբերին նախորդի համեմատ գներն աճել են 7.9 %-ով, իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ՝ 1.8%-ով:
Վիճակագիրները նկատել են կարագի գնաճ ու դրանով են պայմանավորում ապրանքախմբում թանկացումները: Բայց նրանք թանկացումը հաշվում են ընդամենը 4.2%: Գանք մեկ այլ հաշվարկի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտարկմամբ՝ վերջին շուրջ մեկ տարում միայն նորզելանդական կարագը Հայաստանում թանկացել է 44.2 տոկոսով:

Որքանով կմխիթարի կամ չի մխիթարի, այդուհանդերձ, հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը նկատում է՝ միջազգային շուկայում նորզելանդական կարագը նախորդ հունիսից մինչեւ այս սեպտեմբեր թանկացել է 126 տոկոսով:
Մեր երկրում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացրել են ընդամենը 44-50 տոկոսով: Այսինքն՝ կարող եմ նշել, որ նույնիսկ մեզ մոտ թանկացումն ավելի քիչ է, քան միջազգային շուկաներում
Կարագի թանկացման հարցը հասել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, քանի որ շուկայում ունենք գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն:
«Ալեքս Գրիգ»-ը շուկայում եղանակ է թելադրում, ուստի հանձնաժողովը փորձել է բացահայտել՝ չարաշահե՞լ է այն գերիշխող դիրքը: Հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը վստահեցնում է՝ ուսումնասիրությունները ցրել են կասկածները:
«Այս պահի դրությամբ կարագի գնի բարձրացման ոչ ադեկվատ մոտեցումներ մենք չենք բացահայտել»:
Թանկացման պատճառը միջազգային գների կտրուկ փոփոխությունն է՝ բացատրում է Ալավերդյանն ու վկայակոչում միջազգային ցուցանիշերը, փաստաթղթային տվյալները, հիմնավորված ծախսերը: Հայաստան հիմնականում ներմուծվում է նորզելանդական կարագ, ու դիտարկվել են դրա ամենախոշոր արտահանողի՝ «Ֆոնտերա» ընկերության գները:
Մյուս տնտեսագետ զրուցակիցս, սակայն, ի սկզբանե, կասկածի տակ է դնում ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացրած պատկերն ու հաշվարկման մեխանիզմը: Միջինացված թվերը, ասում է, կտրուկ թանկացումները չեն արտացոլում: Դանդաղ ու արագ գնային փոփոխությունները գումարվում ու հավասար բաշխվում են ըստ ամիսների՝ առանց արտացոլելու կտրուկ թանկացումը:
«Այստեղ միջին գներն են, այսինքն՝ կարող են լինել ապրանքատեսակներ, որոնք մի քիչ ավելի էժան են, որոշները՝ մի քիչ ավելի թանկ են վաճառվում, եւ դրանց գնաճը տարբեր տոկոսով է աճում: Իսկ միջին գնի դեպքում մենք չենք կարող տեսնել՝ արդյո՞ք հիմնավորված է այստեղի ընկերությունների իրացման գինը»:
Հայաստանում միայն նորզելանդական կարագը չէ, սպառողը կարող է ընտրել ավելի մատչելին: Բայց այստեղ գլխավոր հարցն է առաջ գալիս՝ արդյո՞ք շուկան մրցակցային է, ու ինչո՞ւ է տեղական արտադրողն էլ այն թանկացրել, այն դեպքում, երբ կաթի մթերման գինը չի փոխվել: Տնտեսվարողն ինքն էլ պետք է հասկանա՝ «գնաճով հիվանդ» շուկայում ինքը միշտ չէ, որ կարող է առողջ մնալ, եթե ընկնի թանկացումների հետեւից, նկատում է: Երբեմն մեկնաբանվում է, թե մեզ մոտ գների բարձրացումն ավելի փոքր է, քանի որ դեռ սպառվում է մինչ գնաճը ներկրված էժան խմբաքանակը:
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը հարցին այլ կողմից է մոտենում:
Եթե Նոր Զելանդիայում գինը բարձրացել է 126 տոկոսով, հնարավոր չէ, որ այստեղ որեւէ սուբյեկտ կարողանա բարձրացնել 44 տոկոսով ու կարողանա շահույթ հետապնդել: Եթե նայում ենք միջին գներ, չենք կարող ասել՝ տնտեսվարողն այս շրջանում որ կարագն է բերել, մյուս շրջանում որից է ներմուծել: Դրա համար պետք է կոնկրետ տնտեսվարողի գործունեությունը ստուգել: Կարող է սուբյեկտը մի կարագը ներմուծել իքս գնով, իսկ թանկացման շրջանում ավելի էժան կարագ է ներմուծել, բայց շարունակել է իրացնել բարձր գնով:
Տնտեսագետ Բաբկեն Թունյանը կիսում է նախորդ զրուցակցիս տեսակետը՝ հանձնաժողովի դիտարկումները կասկած են հարուցում: ՏՄՊՊՀ-ում կարագի թանկացումը մեկնաբանում են այնպես, ինչպես ժամանակին բենզինի թանկացումն էին մեկնաբանում, ասում է:
ԱՎԾ-ն էլ ժամանակային որոշակի շեղումով է աշխատում։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակի տվյալները հոկտեմբերի վերջին միայն կամփոփի: Իսկ միջինացված տվյալները, իրոք, պատկերն աղավաղում են, ասում է:

«Սովորաբար ԱՎԾ-ի ներկայացրած եւ շարքային սպառողի տեսած գնային պատկերը միմյանցից կարող են էապես տարբերվել: Հայաստանը փոքր երկիր է, բայց գների էական շեղումներ կան: Նույն ապրանքը Երեւանում կարող է մեկ գին ունենալ, Շիրակում՝ զգալիորեն տարբեր: Կամ նույն Երեւանում էլ կարող են գները մեծ տարբերություն ունենալ»:
«Երեւի պետք է մի բան էլ մերոնց շնորհակալություն հայտնենք, որ շատ չեն թանկացրել»,- ասում է Բաբկեն Թունյանը: Իսկ Գնել Նալբանդյանը կարագի գնի առաջիկա փոփոխություններ կանխատեսել չի կարող:
Բազմաթիվ գործոններ կան՝ ասում է: Նկատենք սակայն՝ թանկացման պատճառ հանդիսացող երեւույթները շարունակվում են, իսկ դա թերեւս արդեն կանխատեսման հիմք է: Ցավոք՝ ոչ լավատեսական կանխատեսման:




