

Ազգային ժողովի այսօրվա նիստն ընդամենը րոպեներ է տևել ու սահմանափակվել միայն քվեարկություններով: Պատգամավորները քվեարկել են երեկ քննարկած հարցերն ու սպառել քառօրյա նիստերի օրակարգը:
87 կողմ, 7 դեմ ձայնով ընդունվել է նաև հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Հենց այս հարցի թեժ քննարկումն էր երեկ բռունցքներով բանավեճի առիթ դարձել:
Միջադեպը դեռ օրակարգում է: «Ելք» -ի ներկայացուցիչները պատրաստվում են հարցն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել: Բայց որպեսզի հանձնաժողովը քննարկի հարցը, նախ պետք է ձևավորվի:
ԱԺ նոր կանոնակարգն արմատապես փոխել է դրա ստեղծման կարգն ու պայմանները: Հօգուտ էթիկայի կանոնների պահպանմա՞ն, թե՞ հակառակը:
«Ելք» խմբակցությունում կարծում են, որ Փաշինյան- Գեղամյան միջադեպին Հանրապետական խմբակցությունը համարժեք չի արձագանքել: «Եթե սա մարտահրավեր է, համարեք, որ ընդունում ենք այն»,- այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ արձագանք չի եղել:
«Մենք անմիջապես միջադեպից հետո հաղորդագրություն ենք, տարածել, որ մեզ համար անընդունելի է վիրավորանքով, հրմշտոցով, ծեծկռտուքով քաղաքական հարցեր լուծելը: Դա անընդունելի ենք համարում»:
Հաղորդագրությունը, որի մասին խոսում է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, տարածվեց այսօր և ոչ թե ՀՀԿ-ի, այլ հենց Վահրամ Բաղդասարյանի գրասենյակի կողմից: Դրանում նշվում է, որ խմբակցությունը բացասաբար և քննադատաբար է մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած ձևաչափի:
Երեկ, հիշեցնեմ, այս գումարման խորհրդարանում արձանագրվեց առաջին բռունցքներով բանավեճը: Այն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև սկսվեց նիստերի դահլիճում, հայ- ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի քննարկման ժամանակ, ավարտվեց միջանցքում:

Միջադեպի մասին տեղեկացանք Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: «Ելքի» ներկայացուցիչը գրելուց հետո այն նաև բանավոր ներկայացրեց, իսկ Գեղամյանը հերքեց միջադեպի իրողությունը:
Սա առաջին միջադեպն է, որը կարող է նոր գումարման խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնալ: Բայց որպեսզի դառնա, նախ պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորվի: ԱԺ նոր կանոնակարգն արմատապես փոխել է դրա ձևավորման կարգն ու պայմանները: Եթե նախորդ գումարման ամբողջ ընթացքում նման հանձնաժողով գործում էր և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատգամավորները գիտեին, թե ուր դիմել, հիմա նոր կանոնակարգն այլ բան է սահմանում:
Էթիկայի հարցերով զբաղվող հանձնաժողով կարող է ստեղծվել կոնկրետ դեպքի համար միայն՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկությամբ, ճիշտ այնպես, ինչպես ստեղծվում են ժամանակավոր հանձնաժողովները: ԱԺ կանոնակարգում գրված է հետևյալը. « Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար: Այն ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը»:
Արդյո՞ք «Ելք»-ը պատրաստվում է հանդես գալ նման նախաձեռնությամբ՝ հարցնում եմ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին:
ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգով դեռ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել, իսկ նոր ընթացակարգը տարբերվում է նախորդից: Էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ ունի և ձևավորվում է նույն կարգով: Կանոնակարգում որոշակի անհստակություններ կան, քանի որ մի տեղում էլ գրված է, որ պետք է դիմում ներկայացվի: Մենք հիմա այդ ընթացակարգերի հստակեցման փուլում ենք: Նախագիծ է նախապատրաստվել, որը մտածում ենք, թե ինչպես ներկայացնել: Նախադեպը չկա, ու սա որպես առաջին քայլ ճանապարհ է բացելու մյուս դեպքերի համար:
Հանձնաժողով ձևավորելու հարցը քվեարկվելու է Ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ դրա ստեղծումը կախված կլինի իշխող մեծամասնությունից՝ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից: Արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը կողմ է, որ միջադեպի քննության համար էթիկայի հանձնաժողով ձևավորվի:
«Մենք չենք խուսափում քննարկումից, առավել ևս, որ Արտաշես Գեղամյանն էլ իր փաստարկներն ունի: Համատեղ քննարկման կարիք, կարծում եմ, կա, ու կարող է դաս լինել հետագայի համար»:
Նաև կարճ վիճակագրություն 5-րդ գումարման խորհրդարանում գործած էթիկայի հանձնաժողովի աշխատանքի մասին: 5 տարիների ընթացքում հանձնաժողովը տարբեր արդյունավետությամբ է աշխատել։ Եղել են նստաշրջաններ, որ ընդհանրապես դիմում չի ստացել ու որոշում չի կայացրել, եղել են ծանրաբեռնված նստաշրջաններ:
Ընդհանուր առմամբ՝ 5 տարվա ընթացքում հանձնաժողովը 7 անգամ է էթիկայի կանոնների խախտում արձանագրել: Որոշումներից 3-ը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, 1-ը՝ Սամվել Ալեքսանյանին:
3 պատգամավորի վերաբերյալ խախտում արձանագրող 7 որոշումը թերևս, փաստում է, որ հանձնաժողովի որոշումները պատգամավորների վարքագծի վրա այնքան էլ չեն ազդել:





