

Վերջին օրերին Երևանի խանութներում սպառողները կարագի ու մսամթերքի գների բարձրացում են արձանագրել: Փորձագետները գների բարձրացման մի քանի պատճառներ են մատնանշում, օրինակ, միջազգային շուկայում գնային փոփոխություններ են տեղի ունեցել։
Մի մասն էլ մսամթերքի թանկացումը երաշտով ու արտահանման ծավալների ավելացմամբ է պայմանավորում: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ գների բարձրացումը տնտեսվարողների՝ ստվերի դեմ պայքարի արձագանքն է: Փորձագետը դժվարանում է կանխատեսել, թե որքան կշարունակվի գների բարձրացումը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս հայտարարեց, որ այս սեպտեմբերին նախորդ սեպտեմբերի համեմատ ունենք ընդամենը մեկ տոկոս գնաճ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3%-ով, մայրաքաղաքում մսամթերքի գնաճը կազմել է կես տոկոս: Հատկանշանակն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, որոշ քաղաքներում մսի գինը ոչ թե բարձրացել է, այլ՝ նվազել:
Հայաստանի շարքային սպառողներիս վերջին օրերին անհանգստացնում է առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը: Ամենաշատն այս օրերին թանկացել են միսն ու կարագը, այլ ապրանքային խմբերում նույնպես գնաճ նկատվել է:
Տավարի միսը խանութներում թանկացել է մոտ 8 տոկոս: Երեւանյան խանութներում թանկացել են նաև ոչխարի միսը, կարագը: Տավարի միսը թանկացել է շուրջ 300 դրամով, ոչխարինը՝ 500, իսկ խոզի միսը՝ մոտ 1300 դրամով: Մասնագետները կոնկրետ մսամթերքի թանկացման մի քանի պատճառ են նշում՝ երաշտի պատճառով խոտն է թանկացել, որն էլ բերել է մսամթերքի թանկացմանը: Բացի այդ, արտահանման ծավալներն են ավելացել, ուստի և ներքին սպառման համար վաճառվող մսի պահանջարկն է մեծացել: Օրերս խորհրդարանում րագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկ անգամ ևս հաստատեց՝ Հայաստանում այս տարի երաշտ է գրանցվել: Արտահանման ավելացում կա, սակայն դա գնաճի պատճառ չէր կարող դառնալ:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը կանկերտ մասմթերքի թանկացման որևէ հիմք չի տեսնում, պարզաբանում է:
«Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժե 3940 դրամ, իսկ «Անքոր»-ինը՝ 3980 դրամ: Տնտեսագետն ընդգծում է՝ միջազգային շուկայում կոնկրետ կարագը թանկացել է, սակայն դա Հայաստանյան իրականությունում այնքան էլ արդարացված չէ: Տնետսագետը չի մոռանում մոնոպոլիաների մասին:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ԱՎԾ տվյալները վերլուծել ու պարզել է՝ քաղաքացիների գնողունակությունը չի նվազել՝ առևտրաշրջանառության ու ներմուծման ծավալներն են ավելացել: Զրուցակիցս ընդգծում է՝ ապրանքների գների բարձրացումը տնտեսվարողների՝ ՊԵԿ-ի ստվերի դեմ պայքարի արձագանքն է:
Օրերս խորհրդարանական ամբիոնից մեր երկրի ֆինանսների նախարարը, խոսելով գնաճի մասին, հայտարարեց, որ որ մի քանի ապրանքատեսակներով չի կարելի դատողություններ անել։
«Այսօրվա դրությամբ, սեպտեմբերը սեպտեմբերի համեմատ, ունենք ընդամենը մեկ տոկոս գնաճ, և մեկ կամ երկու ապրանք վերցնել ու ասել, որ կյանքը վատթարացել է, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ»,- ասաց Վարդան Արամյանը:
Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարությունը ներկայացրեց 2018թ պետական բյուջեի նախագիծը, հաջորդ տարի աշխատավարձի, կենսաթոշակի ու նպաստի բարձրացում նախատեսված չէ:




