Վերլուծական

Տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցության նոր հեռանակարները

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցելել է Իրան:
Թուրք բարձրաստիճան զինվորականին այսօր ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ինչպես նաեւ ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին:

Թեև վերջին  հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, բայց դժվար չէ կռահել, թե թուրք գեներալն ինչ հարցեր է քննարկել իրանցի իր գործընկերոջ հետ:

Իրանական եւ թուրքական ԶԼՄ-ները, անդարադառնալով Թուրքիայի ռազմական բարձրաստիճան պաշտոնիայի այցին, ընդգծում են, որ Քրդստանի անկախության հռչակման ֆոնին այն կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերություների բարելավման գործում:

Ուշագրավ մեկ փաստ եւս,  հոկտեմբերի 4-ին նախատեսվում է նաւե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի այցը Թեհրան:

Քրդստանի անկախությունն ու տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցության նոր հեռանակարները՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

Թեեւ Իրանը փակել է օդային եւ ցամաքային սահմանը Քրդստանի հետ, այդուամենայնիվ՝  իր դիվանագիտական կեցվածքով կարծես թե շարունակում է մնալ դիտորդի դերում եւ խաղաղ միջոցներով փորձում իր համար շահեկան ելքեր փնտրում՝ շարունակելով համագործակցությունը Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ՝ ասում են արեւելագետները։

Սրան հակառակ՝ Թուրքիան գործի է դրել սպառնալիքը, եւ պատրաստակամություն հայտնել ռազմական գործողություն սկսել Քրդստանի ինքնավարության դեմ: Իրանագետ Արմեն Իսարայելյանը վերլուծելով, թե որն է Իրանի եւ Թուրքիայի համար սպառնացող վտանգը, ընդգծում է՝ երկու երկրներում կա քրդական մեծ համայնք եւ քրդական հարցը, որը կարող է վերաճել ներքին ընդվզման:

Իրաքի Քրդստանի անկախացմանը դեմ է նաեւ Իրաքը, որը նույնպես այս հարցում կողմ է Թուրքիայի քաղաքականությանը:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեով տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել եւ իրանագետ Արմեն Իսրայելյանը ազդեցության նոր գոտիներ ձեւավորելու պայքար է նկատում:

Կարեւոր մեկ փաստ Քրդստանի անկախության հանրաքվեից «Ռադիոլուրին» փոխանցեց քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։ Փաստ, որը կարծես թե վրիպել է ԶԼՄ- ների ուշադրությունից:

Միջազգային 130 դիտորդներ, որոնց թվում գերտերությունների նախկին արտգործնախարարներ, պաշտոնյաններ, հանրաքվեի անցկացումն ու արդյունքները գնահատել են դրական՝ նշել էին, որ քուրդ ժողովուրդը ընտրությունների միջոցով արտահայտել է իր իրավունքը:

Ի դեպ, դիտորդների թվում է եղել նաեւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները։ Նա հանրաքվեից հետո մեջբերել է Սեւրի պայմանագիրը.

Ըստ Սեւրի դաշնագրի, մենք քրդերին խոստացել էինք քրդական կառավարություն, որը 100 տարի է չենք իրականացնում, մեր խոստումը չենք կատարում: Սա կարեւոր շեշտադրում է հայերիս համար, քանի որ Սեւրի դաշնագրով հայերն էլ նկրտումներ ունեն Արեւմտյան Հայաստանի հողակտորների նկատմամբ:

Վերադառնալով Թեհրան կատարած Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի այցելությանը՝ տեղեկացնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդիպման ընթացքում ողջունել է Թեհրանի և Անկարայի միջև պաշտպանական համագործակցության ակտիվացումը, եւ նշել, որ այսօր երկու երկրների քաղաքական, տնտեսական և միջազգային կապերը բավարար մակարդակի վրա են, որ պետք է ձգտել ռազմական և պաշտպանական հարաբերությունների ընդլայնմանը՝ այլ ուղղություններին զուգահեռ:

Ռոուհանին նաեւ շեշտել է, որ Իրանը և Թուրքիան, որպես երկու կարևոր և ազդեցիկ երկրներ, տարածաշրջանի կայունության ապահովման համար կարող են ավելի արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանային խնդիրների և ճգնաժամերի կարգավորման հարցում: Նշենք, որ թուրք-իրանական մերձեցման պատճառ հանդիսացող քրդերն աշխարհում ամենամեծ էթնիկ ժողովուրդն են, որ չունեն պետություն եւ Հյուսիսային Իրաքում անցկացված հանրաքվեն լուրջ հայտ է պետականության ստեղծման ճանապարհին։

Կարդացեք նաև

Back to top button