
Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։ Ինչպես հայտնում են «Ոսկե Ծիրանի» մամուլի ծառայությունից, նման որոշում է կայացվել Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:
Նիստի օրակարգում ներկայացված է եղել նաեւ Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրության հարցը:

Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվել է ներկայացնել Անահիտ Աբադի «Եվա» դրաման, որը հանդիսանում է հայ-իրանական համատեղ արտադրություն:




