

«Հովեր» կամերային երգչախումբը նշում է 25-րդ տարեդարձը: Հոբելյանական համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին նախորդած մամուլի ասուլիսում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ տեխնիկական պատճառներով նախատեսված 19.00-ի փոխարեն համերգը կկայանա մոտ 20 րոպե ուշացումով:
«Հոբելյանական համերգի ավանդական ձևաչափից դուրս, ավելի շուտ փորձ՝ ստեղծելու մթնոլորտ, տեխնիկայի նորագույն լուծումներով անցնելով խմբերգային արվեստի տարբեր ժամանակաշրջանների միջով»,- «Հովեր» պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված համերգի ձևաչափը ներկայացնելով ասում է գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
«Ներկայացվելիք տեսանյութերով՝ համերգի «տեխնիկական նորարարական» կողմը կապահովի TSD (Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս), ընկերությունը: Բովանդակային առումով ևս համերգը նորարությունից չի խուսափի. հայ և օտարազգի կոմպոզիտորների դասական ու ժամանակակից ստեղծագործություններից զատ, նախատեսված է նաև պրեմիերա. Երևանում առաջին անգամ կհնչի Դյերդ Լիգեթիի՝ «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործությունը: Համերգին կհնչի նաև «Բիթլզ», Սթիվի Ուանդեր»:
Հոբելյանական 25-րդ տարեդարձը «Հովերը» նշանավորում է համերգային «մեծ ակտիվությամբ» ու հյուրախաղերով: Տարին սկսեցին ամերիկյան շրջագայությամբ, առաջիկայում՝ մասնակցությունն է Լեհաստանում կայանալիք միջազգային փառատոնին, երկիր, որտեղ գիտեն ու սպասում են «Հովերին» միշտ: Երգչախմբի մենեջեր Արման Պադարյանը հիշեցրեց լեհ հայտնի կոպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու խոսքը՝ «Հովերը» կամերային լավագույն երգչախումբն է ողջ աշխարհում:
Պենդերեցկու բարձր գնահատականին արժանացած երգչախումբը ստեղծվեց 1992 թվականին՝ Սոնա Հովհաննիսյանի անհատական նախաձեռնությամբ, առանց որևէ հովանավորության կամ պետական պատվերի: Ինչու՞ «Հովեր», հարցին երրգչախմբի հիմնադիրը պատասխանում է. «Որովհետև կոմիտասյան խմբերգերում հաճախ հանդիպող այդ բառը հոգին հովացնող է: Մեկ այլ իմաստ էլ կա՝ հովերով, նոր մտահղացումներով տարվելը: Նյութականի հետ ոչ մի առնչություն չունեցող, երաժշտության նման՝ անորսալի մի բան»:
«Հովերի» երկացանկում բազմազանություն է. մեծ սիրով կատարում են ժամանակակիցների ստեղծագործությունները, չեն խուսափում դասականների մատուցման հեղափոխական լուծումներից: «Հովերի» հոգևոր ու բովանդակային առանցքը, սակայն, մնում է Կոմիտասը:
2009 թվականից «Հովեր» երգչախումբն ունի պետական կարգավիճակ: Գեղարվեստական ղեկավարը չի դժգոհում նաև հովանավորների բացակայությունից: «Հովերի» կողքին միշտ էլ աջակիցներ ու գործընկերներ կան:
«Շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի ու առաջադեմ մտածողության, «Հովերին» անվերապահորեն ընդունում է ոչ միայն հայ, այլև արտասահմանցի ունկնդիրը:
Երգչախմբի կազմն անընդհատ փոխվում է: «Ինչպես օվկիանոսը, անընդհատ ինքնամաքրվում է: Փոփոխությունները հարատև զարգացման գրավականն են»,-ասում է երգչախմբի ղեկավարը:
«Օպերային թատրոնում կայանալիք հոբելյանական համերգին նախորդած ասուլիսում երգչախմբի գեղարվեստական ղեկավարն այսօր զգուշացրեց. «Տեխնիկական պատճառներով նախատեսված 19.00-ի փոխարեն համերգը կկայանա մոտ 20 րոպե ուշացումով»:




