Հասարակություն

Երեխայի խնամքի նոր ցերեկային կենտրոն՝ գիշերօթիկի փոխարեն


Վանաձորի երեխայի խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը շուտով վերակազմակերպվելու է երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոնի  և հաստատության երեխաները վերադառնալու են ընտանիք: Սոցիալական բարեփոխումների իրականացման համար ավարտվել են  հաստատության երեխաների դեպքերի վարումն ու գնահատվել կարիքները:  Նոր կազմակերպվող կենտրոնը մասնաճյուղեր է ունենալու  Ալավերդի, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում:

Սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը կրկին վերակազմակերպման փուլում է:  Վերջին գործընթացն իրականացվել էր 2007 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ առաջիկայում հաստատությունը դառնալու է երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոն , բայց ոչ թե պետական ոչ առևտրային կազմակերպություն, այլ՝ հիմնադրամ: Տարբերությունը լայն հնարավորությունների ընձեռումն է: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը պարզաբանում է, որ նոր ձևավորվող կառույցում կկազմակերպվի շուրջ 250 երեխայի ցերեկային խնամքը:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ մարզում  նոյեմբերի 1-ից կարող են  սկսել ցերեկային խնամքի կենտրոնի աշխատանքը, քանի որ ավարտվել է հաստատության  երեխաների դեպքի վարումն ու  կարիքների գնահատումը: Վանաձորի  երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկում ներկայում կա 74 երեխա: Հաստատությունում  խնամվում են  անապահով ընտանիքների  0-17 տարեկան  երեխաները:  Թիվ 1 գիշերօթիկ  հաստատության տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար  Մարիամ Ապերյանը նշեց, որ ընտանիքի հետ համագործակցության արդյունքում երեխաները վերադառնում են  ընտանիք:


«Որքան էլ մենք որակյալ ծառայություներ մատուցենք ու հոգատար վերաբերմունք դրսեվորենք, միևնույն է, երեխայի համար ծնողը մնում է անփոխարինելի: Եթե մենք լուծում ենք երեխայի ընտանիքի սոցիալական խնդիրները և երեխային վերադարձնում ընտանիք, ապա սոցիալական աջակցության մյուս տեսակները մոտեցնում ենք ընտանիքին, ուժեղացնում ընտանիքը և ապահովում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը»:

Ներկայում կանխարգելվում է երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություն: Պետությունը այլընտրանքային ծրագրերի միջոցով որդեգրել է ընտանիքների ուժեղացման քաղաքականությունը:

Օրերս նույն ընտանիքի 2 երեխա նույնպես վերադարձել է ընտանիք: Աշխատանքը կազմակերպվել էր համայնքի ղեկավարի հետ միասին և անօթևանության կարգավիճակում գտնվող ընտանիքին Ստեփանավանի գյուղերից մեկում տրամադրվել է բնակարն, իսկ ծնողին՝  աշխատանք:

Երեխաները ձգտում են ապրել ընտանիքում, սակայն կյանքի դժվարին իրավիճակներից ելնելով նրանք այժմ  ապրում են գիշերօթիկում: Փորձառու  մանկավարժ,  նախկին տնօրեն Հասմիկ Ներկարարյանն ասում է, որ երեխաներն անհամբերությամբ են սպասում շաբաթ օրվան, երբ պետք է գնան տուն և նկատել  գիշերօթիկում մնացող երեխաների ապրումները:


Ընտանիքներ կան, որտեղ երեխաների մնալը վտանգված է և երեխաների շահերից ելնելով են պահում հաստատությունում:


Լոռու մարզում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ լինելու են  Վանաձորում,  Ալավերդիում, Ստեփանավանում  և Սպիտակում: Չի բացառվում, որ կյանքի դժվար պայմաններում  հայտնված երեխաներն ուղղորդվեն խնամատար ընտանիքներ կամ նոր կազմակերպվող մանկան փոքր տներ: Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում լավ պայմաններ են ստեղծված երեխաների խնամքի կազմակերպման համար:  Գիշերօթիկից հանրակրթական դպրոցներ երեխաները  մեկնում  և վերադառնում են ուղեկցությամբ, պատրաստում դասերը,  ազատ ժամերին  խաղում:

Վանաձորի երեխայի խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում դեռ մայիս ամսին ապրել է 105 երեխա, նրանց մի մասը վերադարձել է ընտանիք:

Կարդացեք նաև

Back to top button