

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնակցել են Արենի 1 քարանձավի բացմանը: Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի տրամադրած 52. 870 հազար դոլար դրամաշնորհով Արենի 1 քարանձավի տարածքը ցանկապատվել է, ապահովվել լուսավորությամբ, կառուցվել են քայլուղիներ, իրականացվել է հնավայրի կոնսերվացման աշխատանքներ: Ազդարարելով ծրագրի ավարտը դեսպան Միլսը միաժամանակ հայտարարել է Հայաստանում մշակութային արժեքների պահպանությանն ուղղված ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող մեկ այլ ծրագրի մեկնարկի մասին:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Արենի 1 քարանձավում այսօր հայտարարեցին ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ հնավայրում իրականացրած ծրագրի ավարտը։

«Ժայռերի մեջ ծվարած այս քարանձավը անցորդները կարող են հաճախ չնկատել, բայց հնագետների շնորհիվ տարիներ առաջ բացահայտվեց, որ այն ոչ թե սովորական քարանձավ է, այլ իսկական գանձարան, որտեղ հայտնաբերվեցին աշխարհի հնագույն կոշիկն ու գինու առաջին հնձանը։ Այս քարանձավը հնարավորություն է տալիս հայացք գցելու անցյալին ու հասկանալու, որ մեր պատմությունը միահյուսված է, և մենք ունենք ընդհանուր անցյալ»։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով դա է պատճառը, որ Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը աջակցում է այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են Արենու պահպանության աշխատանքները։
«Այդ ծրագիրը միտված է ոչ միայն քարանձավի ու պատմական գտածոների պահպանությանը, այլև զբոսաշրջության խթանմանը՝ խրախուսելով զբոսաշրջիկների կայուն ու անվտանգ հոսքը դեպի քարանձավ»։

Արենիում պեղումներ իրականացրած հնագիտական արշավախմբի ղեկավար, Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի փորձագետ Բորիս Գասպարյանն ասաց, որ շուրջ չորս տարի տևած ծրագրի շրջանակում ամերիկյան դրամաշնորհով (52 87о ԱՄՆ դոլար) տեղանքը ցանկապատվել է, ապահովվել լուսավորությամբ, քայլուղիներով, որպեսզի այցելուները չվնասեն հնավայրը, իրականացվել են հնավայրի կոնսերվացման աշխատանքներ։
Ազդարարելով Արենի 1 քարանձավում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացրած ծրագրի ավարտը, դեսպան Ռիչարդ Միլսը Արենիում հայտարարեց մեկ այլ ծրագրի նոր փուլի մեկնարկը․ Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի տրամադրած 143 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհով կշարունակվեն Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները։ Ֆինանսավորումը կուղղվի մասնավորապես հնագիտական պեղումների իրականացմանն ու ամրոցի ներքին պարսպապատի ամրակայմանը։
Հայաստանի կառավարության ու քաղաքացիների անունից մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան գործընկերներին, վերհիշելով նաև 2օօ5 թվականից ի վեր Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի օժանդակությամբ Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, այդ թվում՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնումը, Նորատուսի միջնադարյան գերեզմանատան պահանությունը, Գառնիի միջնադարյան կամրջի ամրակայումը և այլն։ Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից նախարարը կարևորեց մասնավորապես Արենի 1-ում իրականացրած ծրագիրը։
«Իրականում այն ինչ կատարվում է այսօր «կապիտալիզացիայի», այսինքն՝ մշակույթի արժևորման առաջին քայլն է։ Դուք տեղյակ եք, որ զբոսաշրջության զարգացման նպատակով մենք հայտարարել ենք քարանձավների կառավարման մրցույթ և արդեն ունենք հայտատուներ։ Նախապատվությունը տալու ենք այն առաջարկներին, որոնք ապահովելու են գիտական աշխատանքի շարունակականությունը, որպեսզի գիտնականները կարողանան աշխատել ու նոր բացահայտումներ անել»։
Մասնավոր կառավարչի միջոցով փորձելու ենք և՛ գիտական աշխատանք իրականացնել քարանձավում, և՛ ներկայացնել այն զբոսաշրջիկներին»,-ասաց Արմեն Ամիրյանը։ Օրվա հանդիպումն անմոռաց դարձնելու նպատակով հնագետ Բորիս Գասպարյանը ԱՄՆ դեսպանին ու մշակույթի նախարարին նվիրեց Արենի 1-ում հայտնաբերված հնագույն կոշիկի կրկնօրինակը։




