Հասարակություն

Հրանտ Բագրատյան.«Ընտրում եմ հանուն այն նոր Հայաստանի, որ դեռ նոր է գալու»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարել է 4/27 ընտրատեղամասում տիկնոջ ուղեկցությամբ: Հանրապետության նախկին վարչապետ եւ իրեն միակ ընդդիմադիր թեկնածու համարող Հրանտ Բագրատյանն այսօր ընդգծել է, որ ընտրում է հանուն այն նոր Հայաստանի, որ դեռ նոր է գալու: Ներկա Հայաստանն, ըստ նրա արդեն սպառել է իրեն, «Ես լրիվ ուրիշ Հայաստան եմ պատկերացնում, զարգացման միակ այլընտրանքային ծրագիրը ես եմ ներկայացրել»,-ընդգծել է նա: Բագրատյանը շեշտել է, որ ինքն ունի նաեւ ընտրախախտումների մասին տեղեկություններ` ընտրակաշառքի, այլ քաղաքներից բերելու եւ լրացուցիչ ցուցակներով ընտրելու դեպքեր: Անգամ, ըստ նրա, բարձրաստիճան մի պաշտոնյա իրեն լկտիություն է թույլ տվել:

Սեփական հաշվեհարդարը ճիշտ ուղի չհամարելով` իր բոլոր այս դիտարկումներով թեկնածուն կիսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ` սպասելով արձագանքի: Բագրատյանն այսօր որեւէ կանխատեսում չարեց, թե ընտրողների վստահության քվեի որ տոկոսն է իրեն հասնելու, փոխարենը հույս հայտնեց, որ օրը հիասթափությամբ չի ավարտելու: Հաջողության իր մաղթանքը նա ուղղել է այն թեկնածուին, ով արդար ընտրություններում կհաղթեր եւ հավելել, որ չեն բացառվում բողոքի ցույցերն ու հանրահավաքները:

Back to top button