ԿարևորՔաղաքական

Ինչպես անցավ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին (տեսանյութ)


Մեկ տարի առաջ Հայաստանի 14-րդ վարչապետ դարձավ անկուսակցական Կարեն Կարապետյանը: Երկար ժամանակ չանցավ ու հիմնականում անկուսակցականներից կազմված նրա կառավարությունը համալրեց հանրապետական կուսակցությանը շարքերը։ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնեց բազմաթիվ հույսերով ու խոստումներով: Ինչպես անցավ պաշտոնավարման մեկ տարին, ինչ ունենք այսօր:

«Դուխով», ինչպես ինքն է ասում, ու  «դրայվով», ինչպես իրեն են ասում,  Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 13-ին: Նա ձևավորեց տեխնոկրատների կառավարություն, իր հետ գործադիր բերեց, ինչպես ինքն է ասում, կուշտ աչքով մարդկանց:Վարչապետ նշանակվելուց հետո երկար ժամանակ քննարկվում էր Կարեն Կարապետյանի հետ կապված ամեն ինչ՝ հագուկապից մինչեւ շարժուձեւ։ Այնքան, որ  լրագրողներն ուղիղ հարց տվեցին վարչապետին՝ ո ՞ վ է զբաղվում իր իմիջով։ Պատասխանն ավելի քան անկեղծ էր: «Դուք ո՞ւմ վրա եք կասկածում»:

Կարեն Կարապետյանն իր հետ կառավարություն մի շարք  նորամուծություններ բերեց։ Օրինակ՝ ներդրեց հանձնարարականների ինստիտուտը։ Կառավարության ամեն նիստի սկզբում մի քանի պարտադիր  հանձնարարություններ է տալիս։ Չի մոռանում նաև նիստն ավարտել՝ ներկաներին  լավ տրամադրություն մաղթելով:Գործադիրի անդամներից  Կարեն Կարապետյանը նախ պահանջեց, հետո սովորեցրեց  մտքերը լակոնիկ ձևակերպել: Ծույլ պաշտոնյաների հանդիպեց, բայց չզարմացավ։ Զարմանալու այլ առիթ ուներ:

Հայաստանի 14-րդ վարչապետը նաև  օպտիմալացման, ավելի թափանցիկ աշխատելու, ամենուր ներդրողներ փնտրելու առաջարկներով հանդես եկավ։ Բիզնեսից  քաղաքականություն վերադարձած  Կարապետյանը  փորձեց բոլորիս մենեջեր դարձնել, փոխել համայնքների ղեկավարների մտածողությունը։ Ավելին, հասցրեց անգամ նախարարությունների աշխատակիցների մտածելակերպից զայրանալ. «Արա ձեզ էդ պալիտբյուրոյի մտածելակերպը որտեղից»:Կառավարության ղեկավարի առաջին գնահատականը Հայաստանի տնտեսությանն ավելի քան անկեղծ էր՝ տնտեսության վիճակը  շատ ծանր է, երեք ամիս անց էլ կարծիքը նույնն էր:

Կարեն Կարապետյանը  խոստացավ՝ կշարունակի աշխատել, եթե արդյունավետ ու պահանջված լինի: Նաև հստակեցրեց՝ արդյունավետությունը կորոշվի  ՀՀ շարքային քաղաքացու կյանքի որակի մակարդակի բարձրացմամբ։ Խոսքն առաջին հերթին ամենախոցելի զանգվածի մասին է: Եվ քանի որ նշանակման պահից նրա  համար առանցքայինը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքի որակի փոփոխությունն է, հենց նրանցիցի էլ պարզենք՝ ինչ փոխվեց նրանց  կյանքում անցած մեկ տարում:

Ի ՞ նչ  վիճակում  է այժմ Հայաստանի տնտեսությունը, հարցնում եմ տնտեսագետ Բագրատ Ասատրյանին:

Ներդրումներ, կոռուպցիայի դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, օպտիմալացում.  անցնող մեկ  տարվա ընթացքում  սրանք էին կառավարության ուշադրության կենտրոնում:  Գնահատականները կատարած աշխատանքին տարբեր են՝ ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն օրինակ կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի հաջողություն գրանցվել է: Բագրատ Ասատրյանը կարծում է՝ ոչ այնքան:

https://www.youtube.com/watch?v=6gk4mzaqzTI

Տնտեսական ցուցանիշերում դրական քայլեր նկատվել են։ Դրանք արձանագրվել են  նաև ԱՎԾ ցուցանիշերում:  Կարեն Կարապետյանի կառավարությանը գնահատական տալու համար  տնտեսագետ  Մեսրոպ  Առաքելյանին ժամանակ է պետք. «Մինչև 2018թ գոնե պետք է աշխատեն»:
Մեկ  տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը նաև հասցրեց նվագել հանրության առաջ, սելֆի անել մարդկանց հետ, Մատաղիսի ջրամբարում սկուտեր քշել արցախցի պաշտոնակցի հետ:

 

Կարդացեք նաև

Back to top button