

Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը՝ «Քաոսը» արդեն ճանապարհին է: «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 15-ը: Ցուցահանդեսի բացման օրը կմեկնարիկի նաև աշխարհահռչակ ծովանկարչին նվիրված միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչները խոստանում են՝ հետաքրքիր բացահայտումներ ոչ միայն Այվազովսկի ծովանկարչի, այլև քաղաքացու, մանկավարժի ու հնագետի մասին: Հոբելյանական միջոցառումներից առաջ Ազգային պատկերասրահի ներկայացուցիչներն են այսօր հանդես եկել մամուլի ասուլիսով:
«Քաոսի» ուղևորությունը Վենետիկից Երևան զերծ չէ բարդություններից. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը կատակով նկատում է՝ Մխիթարյան միաբանության հայրերը դժվարությամբ են բաժանվում Այվազովսկու հանճաղեղ կտավից, որը ժամանակին Հռոմի Պապն է նվիրել միաբանությանը: Այդուհանդերձ, հայկական մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով «Քաոսն» արդեն ճանապարհին է՝ Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը դառնալու իրական հավակնություններով:
«52 գեղանկար, 26 գրաֆիկական, մեկ դեկորատիվ-կիրառական աշխատանք, 20 վավերագիր: Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրանքում երբևէ չներկայացված գրաֆիկական աշխատանքներն Այվազովսկի ծովանկարչին շատերի համար կբացահայտեն նաև որպես հրաշալի բնանկարների, դիմանկարների ու ճեպանկարների հեղինակ»:
Ինչու՞ արժե գալ «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով այս ցուցահանդեսը տեսնելու. իր իսկ բարձրացրած փոքր-ինչ հռետորական հարցին ՀԱՊ թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նարիա Եղիազարյանը պատասխանում է.
«Բացի այն, որ Այվազովսկին մեր հայրենակիցն է ու համաշխարհային ճանաչում ունեցող ամենամեծ ծովանկարիչը, նա նաև մեծ քաղաքացի էր, մեծ մանկավարժ, մեծ հնագետ: Այվազովսկուն անդրադարձել են անընդմեջ ու անընդհատ, բայց միևնույնն է՝ նա միշտ բացահայտելու տեղ ունի: Այս ցուցահանդեսի «աստղային» կտավը, ինչպես նշվեց, «Քաոսն» է, որը Հռոմի Պապի նվերն է մխիթարյաններին: Այվազովսկին այն նվիրել էր Հռոմի Պապին 1841 թվականին: Միաբանությունում «Քաոսը» հանգրվենել է 1901-ին: Այս կտավը պատմական է բոլոր առումներով. բովանդակությունից, իր շուրջ ծավալված պատմություններից մինչև շրջանակը, որը պահպանվել է Այվազովսկու ժամանակներից ու չի փոխվել մինչ օրս: Ցուցահանդեսում տեսնելու շատ բան կա. անգամ այն կտավները, որոնք մեր մշտական ցուցադրանքում են, ձեզ կներկայանան նոր լույսի ներքո»:
Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ծավալուն նախագծի կարևորագույն բաղադրիչն է նաև միջազգային գիտաժողովը, որը Երևանում կմեկտեղի աշխարհի խոշորագույն թանգարանների ներկայացուցիչներին: ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանի բնորոշմամբ, գիտաժողովն առանձնանում է ոչ միայն մասնագետների, այլև թեմատիկ լայն ընդգրկմամբ:
«Ծովանկարչության սահմանները» խորագրով գիտաժողովի հիմնական առանցքը, իհարկե, Այվազովսկին է, բայց ո՛չ միայն Այվազովսկին: Կլինեն զեկույցներ նաև ծովանկարչության մասին ընդհանրապես: Նորահայտ էջեր, երբևէ չներկայացված վավերագրեր աշխարհահռչակ ծովանկարչի կյանքի ու արվեստի ամենատարբեր մանրամասների վերաբերյալ: Հուսանք, որ հնարավորինս շատ մարդ կհաղորդակցի այս ամենին»:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը չթաքցրեց երազանքը՝ ցուցահանդեսի օրերին տեսնել 2-3 կիլոմետրանոց հերթեր Ազգային պատկերասրահի մուտքի մոտ, ինչպիսիք 2016-ին առիթ է ունեցել տեսնելու Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի օրերին:
Պատկերասրահի տնօրենը նաև վստահեցրեց, որ ներկայացվող մշակութային հարստության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:




