Հասարակություն

Հին խնդիրները կարգավորել նոր օրենքով


Ինչու մայրաքաղաքում գործող համատիրություններն այդպես էլ, որպես սպասարկող կառույց, չարժանացան քաղաքացիների վստահությանը, եւ ինչու են մարդիկ կասկածում դրանց կողմից ծախսերի արդյունավետությանը: Խնդիրները բարձրացվում են տարիներ շարունակ: Որպես արմատացած հարցերի լուծում՝ փորձ է արվում հարցն օրենսդրորեն կարգավորել: Ինչպես է փոփոխվելու համակարգն ու երբ, ինչու է նոր օրենքի նախագիծն իր հերթին կասկած հարուցում, փորձել է պարզել «Ռադիոլուրը»:

Արմինե Դավթյանը կոմունալ վճարումները կատարելիս ամեն ամիս վրդովմունքով է մտածում համատիրությանը կատարելիք վճարման մասին:  «Ռադիոլուր»-ի զրուցակիցը կասկածի տակ է դնում իրենց շենքը սպասարկող համատիրության գոյության անհրաժեշտությունը: Տեղեր կան, որտեղ այդ կառույցից դժգոհ չեն։ Արմինեն տեղյակ է, բայց ինքն անձնապես  դժգոհությունների մի ողջ շղթա է ներկայացնում: Եթե համատիրությունը միայն տեղեկանք տվող կառույց է՝ այն էլ որոշակի «վերաբերմունք» պահանջող, ապա  հնարավոր չէ՞ այդ գործառույթն այլ կառույցի վրա դնել, հարց է բարձրացնում զրուցակիցս:

Համատիրությունների հետ կապված հին խնդիրները փորձ է արվում լուծել հին օրենքը փոփոխելով, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան՝ նշում է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը. այլ երկրների փորձն է ուսումնասիրվում:

«Այս պահին քննարկվում է համատիրությունները պրոֆեսիոնալ կառավարիչների կառավարման հանձնելու հարցը: Մեզ մոտ կա ընդգծված խնդիր, մարդկանց իրենց բնակարանից դուրս՝ ընդհանուր օգտագործման տարածքները ընդհանրապես չեն հետաքրքրում, դա վերաբերում է նույնիսկ մուտքերին, աստիճանավանդակներին, կտուրներին, նույնիսկ բակերին: Այնինչ դա բաժնային սեփականության մաս է»:

Դժգոհություններ, այո,  շատ կան, ու դա իր պատճառներն ունի՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է Երեւանի քաղաքապետարանի համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը: Առաջինը բազմաբնակարանների կառավարման ցածր մակարդակն է:  Բայց փոփոխությունը նախ պետք է բնակչության վերաբերմունքից սկսվի: Ծախսեր, աշխատանքի ծրագրում, խնդիրների առաջնահերթություն. պետք է բնակիչները հավաքվեն, որոշեն՝ ասում է: Նորակառույց շենքերի օրինակով Խաչատրյանը նկատում է՝ դրանք իրենք համատիրություն են կազմում, ընտրում ղեկավարին, նրանից էլ պահանջում հաշվետվություն: Իսկ այսօր գործող 191 համատիրություններն ինչպես են ձեւավորվել, ով է ում ընտրել, շատերը չեն էլ իմացել:

«Նախագիծը ենթադրում է բնակիչների առավել ակտիվ մասնակցություն կառավարման խնդիրներին, իրենք պետք է ընտրեն համատիրության ղեկավարին: Որոշակի մեխանիզմներ կան նաեւ ծախսերի արդյունավետության վերահսկողության բարձրացման համար: Ճիշտ է՝ քաղաքապետարանն ու ՏԻՄ համապատասխան բաժինները  պարտադիր նորմերի կատարմանն ուղղված ծախսերը վերահսկում են, բայց ծախսերի ուղղակի վերահսկողություն չի կատարվում»:

Ով է որոշում համատիրության ղեկավարի աշխատավարձի չափը. կամայական է: Որտեղ են սկսվում եւ ավարտվում համատիրության պարտավորությունները՝ հստակ չէ: Մուտքերը  լուսավորել, ներկել, աստիճանավանդակները կարգի բերել դրանք երբեմն չեն էլ պատրաստվում: Մեր գործը չէ՝ ասում են: Կուտակած միջոցներից ավելի շատ ընդմիջման վրա՞ ծախսվեց, թե՞ որեւէ տանիք վերանորոգելու. վերահսկողական մեխանիզմներ գրեթե չկան: Երեւանի քաղաքապետարանի համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետը հիշում է դեպքեր, երբ իրավապահները սկսել են քննել գումարների անարդյունավետ ծախսման հարցը:

Բայց նաեւ շեշտում՝ համատիրությունները, որպես այդպիսին, անկախ են, ինքնակարգավորվում են՝ երբեմն ինչպես ուզում են: Հենց այստեղից է գալիս բնակիչների անվստահությունն ու սպասարկման համար չվճարելը: Խաչատրյանը, սակայն, հարցին մյուս կողմից է մոտենում՝ չեն վճարում, դրա համար էլ հարցերը լուծելու գումար չի հավաքվում:
Իսկ մինչ օրենքի նոր նախագծի հեղինակները իրենց սպասելիքներն են ներկայացնում, մյուս զրուցակիցս՝ Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միության նախագահ Ատոմ Սարգսյանը, պնդում է՝ նախագծում ի սկզբանե 2 մեծ բաց կա:

Հարցեր այսօր շատ կան. եթե շենքի վրա արտաքին գովազդ է փակցվում, ինչու է գովազդի գումարը համայնքին գնում, ոչ թե շենքին, ու այսպես շարունակ: Չափորոշիչները պետք է հիմա քննարկեն, ոչ թե օրենքն անցկացնելուց հետո մտածեն՝ ասում է զրուցակիցս ու տարակուսում՝ ինչո՞ւ հանրային քննարկումներ չեն կազմակերպվում:

Շենք կառավարես, թե հիմնարկ, նույն բարդությունն է, նույն խնդիրը՝ ասում է Ատոմ Սարգսյանը: Մի գիշերում  ԺԷԿ-երը դարձան համատիրություն, բայց խնդիրները այդպես էլ մնացին: Իրավունքները տվեցին ՏԻՄ-երին,  պարտավորությունները՝ սեփականատերերին: Արդյո՞ք նոր օրենքը կփոխի վիճակը, Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միության նախագահը կասկածում է:

Կարդացեք նաև

Back to top button