
Մարդու և բնության դրամատիկ բախումը Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների առանցքային թեմաներից է: 1880 թվականին վրձնած «Քրիստափոր Կոլումբոս» կտավում ներկայացված է բնության տարերքի դեմ մաքառող իսպանացի ծովագնացը: Փրկություն գտնելու հույսով` Կոլումբոսը կառչել է նավի կայմից, իսկ նրա ճանապարհը լուսավորող լիալուսինը հուշում է, որ փոթորիկն արդեն հանդարտվել է:
Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1881-ին, Լոնդոնում կազմակերպված պատկերահանդեսին:
Անվանի ճանապարհորդի կերպարով ոգեշնչված` Այվազովսկին 1879 թվականին այցելել է նրա հայրենի Ջենովա: Հետագայում իր ամերիկյան ուղևորության ընթացքում Այվազովսկին ստեղծել է Քրիստափոր Կոլումբոսին նվիրված ևս մի քանի աշխատանք:
Կտավը ստացվել է Աբրահամ Ջինջյանի (Ֆրանսիա) հավաքածուից, 1957 թվականին:
Ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը։
Լուսանկարը և տեղեկությունները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆեյսբուքի էջից։




