

Ջրի սակագնի բարձրացման հարցը նոր դժգոհություններ է հարուցել բնակչության շրջանում: Մեկ տարում արդեն երկրորդ անգամ ջրի սակագնի բարձրացման պահանջը «Ժողովրդի ձայնը» ակումբում համարում են անհիմն: Թանկացման հիմնավորումները, թե կա գնաճ ու ջրի սպառման նվազում, անհեթեթ են՝ ասում է փորձագետ Ծովինար Կոստանյանը: ԱՎԾ տվյալներով՝ գնաճը 1 տոկոսի էլ չի հասնում, այնինչ այդ ընկերությունը պատրաստվում է 8 տոկոսով բարձրացնել ջրի սակագինը: Նույն ԱՎԾ տվյալներով, ընդհակառակը, սպառման ծավալներն աճել են 1.2 տոկոսով: «Ռադիոլուր»-ի զրուցակիցները բարձրացրել են «Վեոլիա»-ի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչին ընկերությունից արձագանքում են՝ իրենց իրավունքն է, թող բողոքեն:
Ոռոգման ամենապիկ շրջանում Համլետ Եղիազարյանն ու Վայքի շուրջ 90 տնտեսություն հայտնվեցին փակուղու առաջ: Նախկինում Վայքը սպասարկող «Հայջրմուղկոյուղու» գործառույթները ստանձնելով՝ «Վեոլիա» ընկերությունը բաժանորդների հետ պայմանագրերում ոռոգման կետը չէր ներառել: Նախկին պայմանագրով ամեն տնտեսություն խմելու ջրի դիմաց ամսական վճարում էր 3500 դրամ: Իսկ այդ գումարին համարժեք ջրից ավելին սպառելու դեպքում ամեն խմ-ի համար վճարում էին 11 դրամ՝ արդեն ոռոգման ջրի գնով: Իսկ «Վեոլիան» պահանջում էր վճարել արդեն 180 դրամ՝ խմելու ջրի գնով: Վայքի բնակիչներով հավաքվեցին, ստորագրություն հավաքեցին ու բողոքեցին:
Լրատվամիջոցներն էլ արձագանքեցին: Հարցը լուծվեց, պատմում է Եղիազարյանը, խնդիրը տեղ հասավ, բայց…
«Այս տարի հուլիսի վերջերին նոր միայն կազմակերպեցին այդ կիսատ-պռատ պայմանագրի հարցը: Ողջ եղածը չորացավ, չկարողացանք ջրել: Շատ ուշ կազմակերպեցին, հիմա արդեն ոռոգման ջրիկ հարցը լուծվեց, բայց արդեն շատ ուշ է»:
Սա Համլետ Եղիազարյանի միակ դժգոհությունը չէ: Վրդովվում է, որ ջրի ցուցմունքն արձանագրող տեսուչները սիրողական այցեր են կատարում, արձանագրում անհասկանալի տրամաբանությամբ, անգամ հաշվիչին չեն նայում:
«Ամեն ամիս մենք հաշվիչների հետ խնդիրներ ենք ունենում: Հաշվիչը ցույց է տալիս 3 հազար դրամ, իրենք բանկին փոխանցում են 30 հազար դրամի ցուցմունք: Միայն ես չեմ, բոլորն են այդ խնդրին բախվում: Մոտավոր թվեր են գրում: Ես երեք ամիս տանը չեմ եղել, բայց նույն թվերն են եկել»:
Այս ու այսպիսի խնդիրներ «Վեոլիա» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանին շատ են հասնում: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա չի ժխտում՝ տեսուչներն իրոք մի քանի ամիսը մեկ են այցելում բաժանորդներին. օրենքը թույլ է տալիս: Ավելի հաճախ այցելել տեխնիկապես չեն հասցնում, մարդիկ էլ հաճախ տանը չեն կամ դուռ չեն բացում, բացատրում է: Դրա համար էլ հաշվարկները ներկայացվում են միջինացված թվերով:
«Անգամ եթե կոնկրետ ամսում քաղաքացին մի քիչ ավելի է վճարել, քան իր հաշվի ցուցմունքն է, այդ գումարը չի կորչում, դա գալիս նստում է իր հաշվին՝ մեր բազայում՝ որպես կանխավճար: Հետագա ամիսներին, երբ մենք մուտք ենք գործում բնակարան ու ֆիքսում ենք թիվը, ցուցմունքները ճշգրտվում են, վերահաշվարկվում են: Մեզ մոտ գումար չի մնում: Հաշվարկները կասկածելի չե՞ն. հարցին Սարգսյանն արձագանքում է՝ գուցե զարմանաք, բայց դա կատարվում է ծրագրով, մարդկային միջամտություն չկա»:
Եթե անգամ հասկանալի է, որ Երեւանում տեսուչները չեն հասցնում այցելել բոլոր բնակարանները, ապա անհասկանալի է, թե ինչու հնարավոր չեն կանոնավոր այցերը մարզային փոքր քաղաքներում՝ հաշված թվով տնտեսություններում: «Վեոլիա ջրի» գործունեության մեջ անհասկանալի ու անթույլատրելի դրսեւորումներ են տեսնում նաեւ «Ժողովրդի ձայնը» ակումբում: Փորձագետ Ծովինար Կոստանյանը հարց է բարձրացնում՝ ինչ հիմքով է «Վեոլիա ջուրը» դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1խմ ջրի արժեքը180 դրամից 194.3 դրամի բարձրացնելու պահանջով : Թանկացման հիմնավորումները, թե կա գնաճ ու սպառման նվազում, անհեթեթ են՝ ասում է Կոստանյանը:
«ԱՎԾ տվյալներով՝ գնաճն ընդամենը 0.5-09 տոկոս է, այնինչ այդ ընկերությունը պատրաստվում է 8 տոկոսով բարձրացնել ջրի սակագինը: Նույն ԱՎԾ տվյալներով՝ ընդհակառակը սպառման ծավալներն աճել են 1.2 տոկոսով»:
Փորձագետ Արման Ղուկասյանը մեկ տարում արդեն երկրորդ անգամ ջրի սակագնի բարձրացումը դիտարկում է որպես պայմանագրի այն պահանջի խախտում, ըստ որի՝ ջուրը ոչ թե պետք է թանկանա, այլ դեռ էժանանա: Խոստացված ներդրումներն ու համակարգի բարելավումն էլ չեն երեւում: Ղուկասյանը փոխանցում է իրենց կոչը՝ «չբավարարել հայցը եւ անպայման աուդիտ անցկացնել՝ պարզելու՝ ուր են գնում գումարները»:
«Վեոլիա ջուր» ընկերությունից թանկացման հետ կապված դժգոհություններին պարզապես արձագանքում են՝ իրենց իրավունքն է: ՀԾԿՀ-ն կպարզի՝ հիմնավոր է հայցը, թե՝ ոչ: Դժգոհողներն էլ խոստանում են բողոքին հանրային լայն հնչեղություն հաղորդել:




