
Բժշկասոցիալական փորձաքննության կամ, ինչպես քաղաքացիներն են սովոր ասել, հաշմանդամության կարգի տրամադրման համակարգում կրկին փոփոխություններ են կատարվում: Կոռուպցիոն ռիսկերով հայտնի ոլորտում սրանք արվում են պարբերաբար, սակայն միաժամանակ համակարգի պատասխանատուների աղմկահարույց ձերբակալություններն ու քաղաքացիների մշտական բողոքները վկայում են, որ խոսքը գործի չի վերածվում: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգող Անուշ Սիմոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնել է սպասվելիք փոփոխությունները՝ միաժամանակ տարակուսելով մեր թղթակցի բարձրացրած այն հարցից, որ համակարգում հաշմանդամության կարգ ստանալու գործընթացում շարունակում են գումար պահանջել:
ԲՍՓ հանձնաժողովների կոռումպացվածությունից քաղաքացիները միշտ են դժգոհում: Ահազանգում են, որ 30-80 հազար դրամ է արժենում ձեւակերպումներն այնպես տալը, որ հաշմանդամության, ասենք, երրորդ կարգը երկրորդի փոխվի: Մարդիկ կասկածում են, թե իրենց առողջական վիճակն օբյեկտիվ է գնահատվում, հաշմանդամության կարգը՝ առանց գումարի ճիշտ տրվում:
«Ռադիոլուրը» նման բողոքներ շատ է ստանում: Քաղաքացիները դիմում են՝ չցանկանալով, սակայն, ներկայանալ: Զրուցակիցս Ռուզաննան է, այն փոքրաթիվ մարդկանցից, ովքեր չեն խուսափում խնդիրը բարձրաձայնել, սակայն անուններ տալ էլ չի ցանկանում: Հասկանալի է՝ պատճառները քիչ չեն:
«Տալիս կարգ տալու համար սկեսուրս վճարել է 35000 դրամ, չնայած իրենք պահանջել էին ավելին»:
Այսօրինակ խնդիրները սոցապնախարարությունը խոստանում է անցյալում թողնել նոր փոփոխությունների միջոցով: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգող Անուշ Սիմոնյանը դժվարանում է ժամկետեր նշել, պետական ընթացակարգեր են՝ ասում է: Բայց մանրամասնում է, թե ինչ փոփոխություններով է փորձ արվում համակարգը մաքրել կոռուպցիոն ռիսկերից:
Քաղաքացիների առողջական վիճակի բոլոր մանրամասները կամփոփվեն առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված մեկ ձեւաթղթում: Սա կբացառի տեղեկատվության ցաքուցրիվ ներկայացումն ու սուբյեկտիվ գնահատումները՝ ասում է:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն անհեթեթ է համարում որոշումը, ըստ որի՝ եթե ինչ-որ սարք կամ պրոթեզ փոխարինում է մարդու խաթարված ֆունկցիան, ուրեմն նա հաշմանդամ չի ճանաչվում: Եթե բացարձակ խուլ մարդը սարքի միջոցով լսում է, նա հաշմանդա՞մ է, թե՞ ոչ՝ հարց է բարձրացնում Ալավերդյանը: Իսկ եթե սարքի մարտկոցը մի պահի նստի, ու նա ղեկին լինի:
Ալավերդյան Անուշ Սիմոնյանն ի պատասխան Արմեն Ալավերդյանի՝ մանրամասնում է՝ «Պարտադիր չէ, որ անձը հաշմանդամ ճանաչվի: Նրան տրամադրվելու է բժշկական-վերականգնողական ծրագիր»:
Սոցապնախարարությունում փորձում են նվազագույնի հասցնել քաղաքացի-ԲՍՓ հանձնաժողով շփումները՝ դրանով իսկ բացառելով ծրարով կամ անծրար գումարի փոխանցումը, որ մարդիկ տալիս են առավել բարձր կարգ ստանալու համար: Կփոխվի նաեւ հաշմանդամության սահմանման մոդելը. բացատրում է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգողը:
Անհատական գնահատումներին կփոխարինի մեթոդական նոր մոտեցումը՝ մարդու առողջական վիճակն ըստ միավորների կգնահատվի: Միավորների հանրագումարը կորոշի հաշմանդամության կարգն ու դրա հասնել-չհասնելը: Այլեւս չեն լինի ԲՍՓ հանձնաժողովներ՝ իրենց կամայական մոտեցումներով: Կլինեն տարածքային մարմիններ, իսկ բժիշկ-փորձագետների նորաստեղծ ռեեստրում գրանցված բժիշկները պատահական ընտրությամբ կփորձաքննեն կարգ ստանալու համար դիմած անձանց՝ առանց նախապես իմանալու՝ ում հետ գործ ունեն եւ ըստ այդմ՝ առանց ֆինանսական ակնկալիքների:
Իրո՞ք վերացել են կոռուպցիոն ռիսկերը, ինչպես կարծում է ԲՍՓ գործակալության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանը: Զրուցակիցներս հակառակ կարծիքի են:
Ու հիմա ԲՍՓ համակարգը նորից փոփոխվում է: Բարեփոխվում է՝ ասում են պատասխանատուները: Բայց, զարմանալիորեն, որքան ավելի բարձրագոչ են լինում բարեփոխումների մասին հայտարարությունները, այնքան ավելի ընդգծված են լինում քաղաքացիների դժգոհություններն ու աղմկարահույց՝ համակարգի պատասխանատուների ձերբակալությունները. Կոտայքի ԲՍՓ հանձնաժողովի նախագահից հետո՝ գործակալության պետը:
Պատասխանատուներ, որոնք, ի դեպ, մեղադրում էին լրատվամիջոցներին զրպարտության մեջ:




