
ՀՀ մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում Հանրապետությունում «կինոհարաբերությունները» կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակը (այն տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջում:)
Նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը և օրենքի նախագծի իրավական խորհրդատու Կարեն Ֆիդանյանը մշակված տարբերակն օգոստոսի 29-ին ներկայացրին նախարարություն հրավիրված կինոգործիչներին՝ ակնկալելով նրանց գրավոր առաջարկությունները։
Քնարկելի են ոլորտի կարգավորմանը հետամուտ մյուսների առաջարկությունները ևս. դրանք պետք է ուղարկել [email protected] էլ.հասցեով։
Օրենքն Ազգային Ժողովում պետք է ընդունվի մինչև տարեվերջ։
«Մեր կինոարտադրության պայմանները բարելավելու, այն զարգացնելու քաղաքական որոշումը կայացված է։ Միևնույն է՝ իրականացնելու ենք այդ որոշումը։ Ուրեմն, եկեք միասին իրագործենք»,- նախագծի առաջին քննարկմանը կինոգործիչներին ասաց Արմեն Ամիրյանը։
Հ.Գ. Օրինագծի նախնական տարբերակում «Կինեմատոգրաֆիա» բնորոշումը ենթակա է փոփոխման. հայահունչ ճիշտ տարբերակի համար նախարարությունը պաշտոնապես դիմել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին։
Լուսանկարում՝ կինոգործիչների հետ նախագծի առաջին քննարկումը. 29.08.2017թ.




