Վերլուծական

Հայաստանը հրաժարվե՞ց, թե՞ չէր էլ պատրաստվում մասնակցել ՆԱՏՕ- ի զորավարժություններին


Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին՝ այսօր ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: Իսկ ահա վրացի քաղաքագետ Իրակլի Ալադաշվիլին չմասնակցելու մի քանի վարկածներ է առաջ քաշում՝ հիմնական համարելով այն, որ Հայաստանի որոշման վրա ազդել է ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանը։

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը «չի կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել ՆԱՏՕ- զորավարժությունների մասնակիցների ցուցակում, քանի որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երբեք չեն ասել, որ մասնակցելու են հերթական զորավարժություններին:

Փոխնախարարն անգամ տեղյակ չէ՝ ինչու են վրացական աղբյուրները հայտնում, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է զորավարժություններից։ Երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

«Արսենալի» ռազմական- վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին, վերլուծելով ստեղծված իրավիճակը, մի քանի վարկածներ է առաջ քաշում։ Մասնավորապես նշում է. կարծում եմ՝ Հայաստանի որոշման վրա ազդել է ռազմաքաղաքական գործընկեր Ռուսատանը, քանի որ Մոսկվային դուր չէր եկել ,որ Հայաստանը մասնակցում էր այդ զորավարժությանը։

Ռուսական ԶԼՄ-ներում կիսապաշտոնական մակարդակում հնչում էին մեկնաբանություններ՝ եթե Հայաստանը Հարավային Կովկասում նրա գլխավոր գործընկերն է, ապա ինչու է մասնակցում այդ զորավարժությանը.

Ի վերջո հնարավո՞ր է, որ Հայաաստանը չի մասնակցում այս զորավարժություններին, քանի որ դրանց մասնակցում է Ադրբեջանը։ Վրացի քաղաքագետը այս վարկածը հավանական է համարում

«Այո, իհարկե, կարող է լինել այդպիսի վարկած, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ չեն ցանկանում մասնակցել զորավարժություններին։ Դա հասկանալի է, բայց որ վերջին պահին է ամեն ինչ փոխվում, դա արդեն մտահոգիչ է»։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը սակայն հերքում է, որ Վրաստանում կազմակերպված զորավարժությանը Հայաստանի չի մասնակցում, քանի որ Ադրբեջանն է մասնակցում: Զաքարյանը բացառում է նաև, որ չմասնակցելը ինչ-որ կողմի միջամտության արդյունք է: Փոխնախարարը վստահ է՝ որ տեղի ունեցածը բացասականի ազդեցություն չի ունենա Հայաստան- ՆԱՏՕ հարաբերությունների վրա.

«Հայաստանի Հանրապետությունը չի ասել իր հանրությանը, որ պաշտոնապես մասնակցելու է, որ հետո էլ իր հանրությանն ասի, որ չի մասնակցելու: Որեւէ քաղաքական դրդապատճառ չկա: Որեւէ միջամտություն չկա»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է, որ այս որոշումն էլ մի գիշերվա մեջ կայացածներից է. «Դա լուրջ ռազմավարական եւ մարտավարական բացթողում էր. Հայաստանը պետք է փնտրի անվտանգության այլընտրանքներ»:

Ի դեպ, Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ընթացիկ տարվա հուլիսի 31-ի հաղորդագրության մեջ նշվել է «Agile Spirit 2017» խորհրդաժողովի Մասնակից երկրների անունները։

Հայաստանն այդ երկրների թվում է, Ադրբեջանը՝ ոչ: Օգոստոսի 29-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի մասնակցության մասին, երեկվա հաղորդագրության մեջ այլեւ Հայաստանի անունը չկա։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը։

Կարդացեք նաև

Back to top button