Հասարակություն

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը. ՊՆ

լրացված՝ 18.03-ին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարություն է ներկայացրել երկու օրինագիծ՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»: Առաջարկվում է վերացնել հատուկ կատեգորիայի զինծառայողների ծառայության վայրի՝ տանից 150 կմ հեռավորության սահմանափակումը: Թույլատրելի է նոր օրինագծով նույն զորամասում նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայրների զինծառայությունը:  Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ներկայացված օրինագծերը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում՝ դրանք բնորոշելով որպես «օպտիմալացման օրինագծեր»:

Որոշ շտկումներ զինծառայության անցնելու և զինծառայողի կարգավիճակի հարցերում.

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ ՊՆ Վիգեն Սարգսյանն այսօր կառավարությանն է ներկայացրել նոր օրինագծեր: Ուշագրավ են հատկապես «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծերը: Վերջինը նախատեսում է վերացնել  է հատուկ կատեգորիայի օրինակ՝ ծնողազուրկ զինակոչիկների  համար ՝ տնից 150 կմ հեռավորության վրա զինծառայություն անցնելու  անհրաժեշտությունը:

«Քանի որ մենք  դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ  քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց  նախարարը:

150 կմ շառավղով ծառայության նպատակը  հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար պետք է հեշտացներ  տուն գնալ- գալու հարցը, սակայն Պաշտպանության նախարարի խոսքով՝ սա մեկ այլ հարց էլ էր առաջացնում, օրինակ Տավուշի մարզի բնակիչը նույն 150 կմ հեռավորությամբ ծառայություն անցնելով՝ կարող էր հայտնվել առաջնագծում ու ծառայել ավելի վտանգավոր պայմաններում. միևնույն է տուն գնալ-գալու հարցն այդ դեպքում եւս չէր լուծվում:

Նոր օրինագծով նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելը առաջարկվում է դարձնել կամավորության սկզբունքով ու արտոնություն է սահմանվում նման դեպքում:  Կամավոր մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողին հնարավորություն կտրվի նոր օրինագծով  երկու անգամ արձակուրդ գնալ՝ 6 ամիսը մեկ:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ օրենքի նոր նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մի ընտանիքից երկու երեք եղբայրների նույն զորամասում զինծառայություն անցնել:

Ներկայացված այս երկու օրինագծերն այսօր կառավարության նիստի ընթացքում հավանության են արժանացել: Պաշտպանության նախարարությունը շարունակում է նոր օրինագծեր պատրաստել, որոնք հավանության արժանանալու դեպքում կներկայացվեն  խորհրդարան:

Կարդացեք նաև

Back to top button