

Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ով ներկայացրել է վարժարանի առաքելությունն ու տեսլականը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հիմնադրամի գերխնդիրը պետք է լինի վարժարանը Հայաստանի առաջատար կրթահամալիրներից մեկը դարձնելը: Դրա համար պետք է ստեղծվի ակադեմիական գերազանցությամբ միջավայր` հմուտ մանկավարժների ներգրավմամբ, ակադեմիական արդի հնարավորությունների ապահովմամբ և մրցակցային կրթության միջավայրի ձևավորմամբ` հայրենիքին հետագա ծառայության համար նախապատրաստելով ուժեղ, առողջ, ճկուն և ռազմական հմտություններին տիրապետող սերունդ, բարեկիրթ քաղաքացիներ, ովքեր Հայրենիքին ծառայությունը դիտում են որպես գերխնդիր և գերնպատակ»:
Սեպտեմբերի 1-ին վարժարանի ուսուցչական կազմն ու սաները հանդիսավոր պայմաններում հրաժեշտ կտան Երևանում գտնվող շենքին և կտեղափոխվեն Դիլիջան։ Վարժարանի պաշտոնական բացումը և սաների երդման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, որը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, սահմանվել է որպես Վարժարանի օր:
Հատված Ռադիոլուրի հիմնական թողարկումից




