ԿարևորՔաղաքական

Ալիևը շարունակում է «թոզ փչել միջազգային հանրության աչքերին». Նալբանդյան


Երևանում է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարարը Իգոր Ցրնադակը: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի  հայտարարությանը, որ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԼՂ հարցում համանախագահների առաջարկությունների վրա, եթե Հայաստանը դրանք ընդունի, նշեց, որ Ալիևը շարունակում է «թոզ փչել միջազգային հանրության աչքերին»:

«Չեմ կարծում, որ որևէ  նոր բան կա այդ հայտարարության մեջ: Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային  հանրության աչքերին, ասում է՝ պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով,  Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ, իսկ Ադրբեջանը մերժում է այդ երեք սկզբունքները, անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում են կատարվում կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները:

«Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է  գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների առաջարկների վրա, ապա պետք է վերահաստատի, գործնականում իրականացնի այն, ինչ որ առաջարկում են եռանախագահները ինչ վերաբերում է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, անվերապահ հարգի, իրականացնի 1994 թվականի, 1995 թվականի զինադադարի համաձայնագրերը: Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ, Ադրբեջանը, փաստորեն, մերժում է եռանախագահող երկրների կողմից արված կոչերը ՝ վերահաստատելու այդ հանձնառությունները: Եվ, իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում, Պետերբուրգում»,- ասաց  Նալբանդյանը:

Բոսնիա-Հերցեգովինայի արտգործնախարարը Իգոր Ցրնադակն էլ իր խոսքում նշեց, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Խոսելով վիզային ռեժիմի ազատականացման մասին նա նշեց, որ Հայաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան այսօր Երևանում ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք կարող են այցելել այդ երկիր առանց վիզայի:

Բոսնիա-Հերցեգովինայի արտգործնախարարը, որի առաջին այցն էր Հայաստան, երկու երկրների միջև ստորագրված առաջին փաստաթուղթը խորհրդանշական համարեց:  Ասաց, որ կողմերը շարունակում են քննարկումները՝ ազատականացնելու վիզային ռեժիմը նաեւ շարքային քաղաքացիների համար, ինչը կնպաստի փոխայցելությունների ավելացմանը:

Նա նշեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան և այն դրական արդյունք կապահովի երկրու երկրների ժողովուրդների համար:

Կարդացեք նաև

Back to top button