

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր շնորհակալությամբ ճանապարհել են նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին ու մեծ ակնկալիքով ընդունել նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին: Նորանշանակ տնօրենը «կայծակնային հաջողություններ» չի խոստացել, բայց վստահեցրել է՝ տարեցտարի մենք ունենալու ենք միանգամայն այլ որակի Մայր թատրոն: Խոստումը չկատարելու դեպքում, ինչպես ասել է, սիրահոժար կհեռանա: Երիտասարդ տնօրենին սունդուկյանցիներին ու լրագրողներին ներկայացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կուտակած փորձն ու գիտելիքները, մարդկային կապերը, բոլոր այն գործիքները, որոնց տիրապետում է, Վարդան Մկրտչյանն ամբողջությամբ կծառայեցնի Մայր թատրոնին և, ընդհանրապես, թատերական կյանքի առողջացմանը»,-նման վստահությամբ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր սունդուկյանցիներին ներկայացրեց նոր տնօրենին՝ մինչ այդ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով արդեն նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին:
«Վստահ եմ, որ դուք կանեք առավելագույնը՝ ստանալով և՛ նախարարության, և՛ գեղարվեստական ղեկավարի, և՛ ձեր գործընկերների ու բարեկամների աջակցությունը»:
Նորանշանակ տնօրենը որոշեց առիթը բաց չթողնել, տեղավորվել Արմեն Ամիրյանի ու Արմեն Էլբակյանի մեջտեղում ու երազանք պահել: Հետո բարձրաձայնեց արդեն «գաղտնազերծված» երազանքի մասին.
«Մինչև սա է իմ գերնպատակը «Ստանձնելով այս պաշտոնը ես պատասխանատվություն եմ կրում ոչ միայն Մայր թատրոնի անցյալի, այլ նախ և առաջ ներկայի ու ապագայի համար: Չեմ ուզում, որ թատրոնը շարունակի քայլել իր վաստակած փառքի էներգիայով: Երազում եմ, որպեսզի իր այսօրով և ապագայով նա ավելի վստահ քայլի և դառնա Հայաստանի հանրապետության թատերական այցեքարտը ողջ աշխարհում: Այս օրերին ինձ շնորհավորելիս շատերն ասում են՝ բարո՛վ վայելես: Ես չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում, որովհետև Մայր թատրոն գալն ու նրան ծառայելը նախ և առաջ պատասխանատվության հզոր բեռ է, չեմ ժխտում, գուցեև՝ հաճելի բեռ, որի «տակ պետք է մտնել» տղամարդկային ողնաշարով»:
Նորանշանակ տնօրենն այս օրերին աշխատասենյակում չի փակվել, անընդհատ շրջել ու նոր գործընկերների հետ մեկ առ մեկ ծանոթացել է.
«Այստեղ հրաշալի մարդիկ են «ապրում», աշխատում, մեծ ներուժ կա: Իհարկե, չեմ թաքցնում, որ որոշ փոփոխությունների, խաղի նոր կանոններ ամրագրելու անհրաժեշտություն կա, բայց ես այստեղ եմ առաջին հերթին հենց դրա համար»,-ասում է Մկրտչյանը: «Կայծակնային հաջողություններ» նա չի խոստանում: Փոխարենը վստահեցնում է՝
«Տարեցտարի մենք ունենալու ենք միանգամայն այլ որակի Մայր թատրոն: Խոստումը չկատարելու դեպքում սիրահոժար կհեռանամ»:
«Այնուամենայնիվ, ինչու որոշեցիք թողնել Համազգային թատրոնն ու տեղափոխվել Սունդուկյան թատրոն»,-լրագրողի հարցին ի պատասխան Մկրտչյանն արձագանքեց.
«Ես այս թատրոնում եմ ծնվել, իբրեւ արվեստագետ: 18 տարի ես ծառայել եմ այդ թատրոնին»:
«Թատրոնն աշխարհի փոքր պատկերն է»,-սիրած արտահայտությունն այսօր մեկ անգամ ևս վերհիշեց Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, որի խորին համոզմամբ թատրոնում պետք է մի կողմ դնել «ես»-ն ու հավակնությունները, միասնաբար փնտրել ու գնել այն ամենն ինչ օգուտ կբերի թատրոնին:
«Թատրոնն, ի վերջո, այն է, ինչ կատարվում է բեմում: Այն է, ինչ բեմից փոխանցվում է հանդիսատեսին: Եվ այն ամենն, ինչ կատարվում է թատրոնում ու թատրոնի շուրջ, պիտի ծառայի բեմին, ներկայացմանը, հանդիսատեսին»,- Էլբակյանի մոտեցումն է:




