
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
«Նաիրիտ» գործարանի հարևանությամբ եմ. երեկվա համեմատ այսօր այստեղ իրավիճակը շատ ավելի հանգիստ է: Խուճապ չկա: Ծուխ չի երևում, արտառոց վատ հոտ չի զգացվում: Մոտակա տարածքում գտնվող մարդիկ ասացին, որ բողոքներ չունեն, ասում են՝ երեկ էլ են իրենց լավ զգացել:
Երեկ՝ «Նաիրիտ»-ում տեղի ունեցած հրդեհը, սակայն, տեսանելի է եղել Երևանի գրեթե բոլոր հատվածներից, ինչը խուճապ էր առաջացել քաղաքացիների շրջանում: Անհանգստանում էին՝ կարո՞ղ է թունավորվեն:
911-ն ու 1-03-ը երեկ աշխատել են արտակարգ ռեժիմով: Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ասում է՝ 9-11-ին հազարավոր զանգեր են եկել: Պարզելու, համակարգելու եւ վերլուծելու համար, թե դրանցից քանիսն են առնչվում «Նաիրիտի» հրդեհին ժամանակ է անհրաժեշտ: Ասում է՝ երեկ անձամբ 14-15 ժամ եղել է գործարանի տարածքում:
Մինչ շրջանառվում են հրդեհի առաջացման տարբեր վարկածներ՝ «Նաիրիտում» դժվարանում են խոսել պատճառներից մասին, ասում են՝ ուսումնասիրությունները ցույց կտան:
Այրված լաքեթինոլը զանգվածային թունավորումներ առաջացնել չէր կարող՝ վստահեցնում է «Նաիրիտ» գործարանի տեխնոլոգիական գլխավոր համակարգող Հրաչյա Հակոբյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը եւս հայտարարում է, որ «Նաիրիտում» բռնկված հրդեհի հետևանքով այրվող նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում:
Բնապահպան Սիլվա Ադամյանը վստահ է՝ ծուխը չի կարող վտանգավոր չլինել, այն էլ՝ այս տեսակի:
«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշներ են վերցրել, ստուգումներ անցկացրել։
Ի դեպ՝ բնապահպանության նախարարության ստորաբաժանումները մթնոլորտային օդի եւ ջրային ռեսուրսների ստուգումներ անցկացնում են ամեն օր։




