Հասարակություն

Արցախը պատրաստվում է հանրապետության հռչակման օրվան

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախը պատրաստվում է հանրապետության հռչակման օրվան: Լեռնային Ղարաբաղի, Արցախի հանրապետությունը հռչակվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ինԱյս օրերին հանրապետության օրվան նվիրված տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, սակայն կենտրոնական մշակութային եւ առաջին հայացքից տնտեսական, բայց իրականում քաղքական միջոցառումները նախատեսված են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին:

Ստեփանակերտն այսօր էլ բազմաթիվ հյուրեր ունի: Արցախի սիրով ու հայրենիքի կարոտով այստեղ են գալիս բազմաթիվ սփյուռքահայեր, նրանցից է եւ էլիզաբեթ Քարաքաշյանը Լոս Անջելեսից:

Էլիզաբեթը Հանրապետության տոնին նվիրված մեծ միջոցառումներին չի մասնակցի, մեկնում է հայրենիք, իսկ ահա ամերիկացի երգիչ Դանիել Դեքերին Արցախում սպասում են սեպտեմբերի երկուսին:

Նա կմասնակցի սեպտեմբերի երկուսի համերգին եւ սեպտեմբերի 3-ին մենահամերգ կունենա Շուշիում: Սեպտեմբերյան տոնական  միջոցառումների շարքում արդեն մի քանի տարի շարունակ  իր ուրույն տեղն ունեն օպերային առաջնախաղերը: Այս անգամ բեմահարթակը կրկին Շուշիի Ռեալականի շենքը կլինի: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ կբեմադրվի Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան:

Սա սեպտեմբերի մեկի երեկոյան կլինի, իսկ ցերեկը տեղի կունենա Վարդենիս Մարտակերտ մայրուղու հանդիսավոր բացումը: Մայրուղին անշուշտ երկու հայկական հանրապետությունների, եւ հատկապես այն հատվածի բնակչության համար, որտեղով անցնում է սոցիալ տնտեսական մեծ նշանակություն ունի: Բայց այս օրերին հատկապես շեշտվում է դրա քաղաքական բովանդակությունը: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ Ճանապարհը մեսիջ է վերջին շրջանում հնչող հայտարարություններին:

Սրանք տոնական միջոցառումներից մի քանիսն են միայն: Սեպտեմբերի մեկին Արցախի բոլոր կրթօջախներում արիության ու խաղաղության դասեր կանցկացվեն: Սեպտեմբերի երկուսին հիշատակի ու հարգանքի միջոցառումներ տեղի կունենան հուշահամալիրներում, իսկ երեկոյան կլինեն տոնական համերգներ: Ստեփանակերտում հրավառություն է նախատեսվում:

Կարդացեք նաև

Back to top button