

Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում էլէկտրաէներգիայի հաշվիչ չունենալու պատճառով Վիոլետ Զադորյանի ընտանիքն արդեն 7 ամիս ապրում են մթության մեջ, մոմի լույսի տակ: Ընտանիքը չի օգտվում նպաստից, զրկված է համայնքապետարանի օգնությունից, իսկ սեպտեմբերի 1-ին էլ 7-րդ դասարանի աղջկան չի կարող դպրոց ուղարկել: 16 տարեկան տղան ձկնորսներին օգնելով հայթայթում է օրվա սնունդը:
Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում Վիոլետ Զադորյանի ընտանիքն ապրում է խիստ անապահովության մեջ և արդեն 7 ամիս զրկված է ընտանեկան նպաստից՝ էլեկտրաէներգիայի հաշվիչ չունենալու պատճառով: Այս լուսավոր և տեղեկատվական առաջընթացի դարում 4 հոգանոց ընտանիքն ապրում է մոմի լույսի տակ, սկզբում Սևանի ափեզրի տնակում՝ Ծափաթաղ գյուղի մոտ, ապա Ջիլում: Անլույս տանն ապրում է վարձով՝ ամսական վճարելով 7000 դրամ:
,,Գերեզմանոցի մոտ էինք ապրում, տան տերը տունը վաճառեց, մեզ էլ 3 օր ժամանակ տվեց, բայց մենք 3 օրում տուն չճարեցինք, դիմեցինք համայնքի ղեկավարին՝ ոչ մի բան չարեց,,:
Համայնքի ղեկավարի անտարբերությունը ընտանիքին ձմռան կեսին հասցրել էր հարևան գյուղի լճի ափ, որոնց սննդով օգնել են միայն ձկնորսները:
,,Մենք էլ ստիպված գնացինք ապրելու կըզրքյանդ՝ Ծափաթաղ, ով որ մեզ դոմիկ տվեց Սևանի ափին: Դեկտեմբերի 23-ին դուրս եմ եկել ձուն-ձմեռնոցով, վեշերս հավաքել եմ, իմ 2 երեխեքիս ու հիվանդ ամուսնուս հետ գնացել, մնացել ենք մինչև մայիս, նորից եկել ենք ստել՝ վարձով:
Ամուսինը հաշմանդանություն ունի, սիրտը ստենդավորվել է, հիմա էլ խնդիրներ կան, սակայն 2-րդ վիրահատության համար պահանջվում է 1մլն 700 հազար դրամ: 16 տարեկան որդին է ընտանիքը պահում՝ ձկնորսներին օգնելով կամ գյուղում փայտ կոտրելով: Վիոլետն ասում է, որ տղային դպրոցից հանել է 9-րդ դասարանն ավարտելուց հետո, քանի որ միջոցները չեն բավարարել դպրոց ուղարկելուն: Աղքատության նպաստն ու ամուսնու հիվանդության թոշակը կտրելուց հետո ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է վատացել: Առջևում սեպտեմբերի 1-ն է, իսկ 7-րդ դասարանի աղջիկը հնարավոր է դպրոց չհաճախի և դուրս մնա պարտուսից.
,,Կոշիկ չունի, շոր չունի, գրենական, հեսա դպրոցում էլ գրքերի փողը կուզեն/լացակումած/ ոնց ուղարկեմ դպրոց, ոչ նպաստ կա, ոչ թոշակ,,:
Մինչդեռ դպրոցներին պետական բյուջեի միջոցներից տրամադրվուրմ է դասագրքերի արժեքի փոխհատաուցում 10-12 տոկոսի չափով, որը տնօրենն է որոշում ում հատկացնել: Համայնքի ղեկավարը դարձյալ ձեռնպահ է մնում այս խնդրին: Ծափաթաղ գյուղի դպրոցի ուսուցչուհի Հերմինե Խարազյանը նշեց, որ իրենց դպրոցում 14 աշակերտ է սովորում, որոնց դասագրքերի արժեքն ամբողջությամբ վճարում է համայնքի ղեկավարը: Նույն կերպ է վարվում նաև Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և դասագրքերի շրջանառու հիմնադրամ փոխանցելով շուրջ 240 աշակերտի գրքերի գումարը: Հերմինե Խարազյանը նշեց, որ Ջիլ գյուղի դպրոցում նույնիսկ իր ծնողազուրկ տագրոջը չեն զիջել գրքերի գումարը:
Մոմի լույսը էլէկտրականով փոխարինելու և նպաստ ստանալու համար պետք է հաշվիչ գնել, որը արժեքը 53000 դրամ է: Ջիլ համայնքի ղեկավար Միքայել Ղարիբյանը Վիոլետի ընտանիքին որևէ աջակցություն չի ցուցաբերում: Այս տարվա ընթացքում համայնքի բյուջեից դրամայկան օգնություն տրամադրվել է 3 մարդու, որոնք ավագանու որոշմամբ , որպես անապահովներ ստացել են մեկը 50000 դրամ, երկուսը՝ 20000-ական դրամ: Համայնքի բնակիչները պնդում են, որ 50000 դրամ ստացած և անապահով բնութագրված բնակաչու ընտանիքն ունի 2 տրակտոր, 1 բեռնատար և 1 ԲՄՎ մարդատար ավտոմեքենա: Իսկ իրական անապահովները համայնքի ղեկավարի և ավագանու տեսադաշտից դուրս են մնացել:




