ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ գործարար շրջանակներում դեռեւս լավ չեն պատկերացնում, թե ով ում հետ է համագործակցում


Օգոստոսի 14–ին Աստանայում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների վարչապետերը: Այսօր արդեն տեսակամուրջի միջոցով հավաքվել էին նույն միության տնտեսագետներն ու փորձել  են ամփոփել հավաքի արդյունքները: Ի տարբերություն նախորդ հավաքների՝ այս մեկն առանձնացել է առարկայական քննարկումներով եւ արդյունքներով:  

ԵԱՏՄ տարածքում վարորդական վկայականների ճանաչման հարց, միասնական էներգետիկ շուկայի ձեւավորում ու սոցիալական ուղղվածությամբ կենսաթոշակային ծրագիր:  Սրանք այն առանցքային հարցերն են, որոնք շեշտադրվել են Աստանայում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի հանդիպման ժամանակ: Կառույցի անդամ 5 պետությունների տնտեսագետները գոհ են վերջին հանդիպումից, քանի որ հռչակագրային գործելաոճից կառույցում անցել են գործնական քայլերի:

Տնտեսագետները շարժ են նկատում ոչ թե ղեկավար մարմնի աշխատանքում, այլ հենց ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսություններում: Եթե կարելի է ասել ԵԱՏՄ-ի առաջին «հաղթանակի» վրա ուշադրություն է հրավիրում Ղազախստանի «Նուր Օտան» կուսակցության Հասարակական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Տելնովը։

«Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ վարչապետերի հանդիպումը տեղի ունեցավ բոլոր անդամ պետությունների տնտեսությունների ակտիվացման ֆոնին: Բոլորս միասին շուրջ 1 տոկոսի աճ ենք արձանագրել: Սա իրականում մեծ թիվ չէ, բայց հենց տնտեսությունների ակտիվացումից է գալիս մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը: Եզրակացությունն այն է, որ ԵԱՏՄՆ-ն մեր ընդհանուր աճի շարժիչն է, եւ դրական դինամիկան աստիճանաբար գրանցվում է տնտեսության տարբեր ոլորտներում: Հետեւաբար, այս աճը, այս ակտիվացումը դառնում են ավելի կայուն եւ ավելի նշանակալից»:

Մինչեւ ակնկալիքներին անցնելը նշենք, որ Աստանայում բարձրացվել է վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը: Հիշեցնենք, որ հայ վարորդները Ռուսաստանում որոշակի դժվարություններ են ունեցել հենց այս խնդրի առնչությամբ: Հարցի շրջանակում անգամ Հայաստանին առաջարկվեց իբրեւ պետական լեզու ընդունել ռուսերենը: Որքանով էր ծանրակշիռ առաջարկը,  այդպես էլ պարզ չդարձավ: Փաստն այն է, որ Աստանայում այս խնդրին անդրադարձ եղել է:

ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման մասին։ Ըստ էության սա կարող է նշանակել հարցի լուծում:

ԵԱՏՄ միասնական տարածքի կնճտռոտ հարցերից է նաեւ արտագնա աշխատողների խնդիրը: Աշխատելով անօրինական և  հետագայում անցնելով կենսաթոշակի՝ զրկվում են ստաժից: Վարչապետերի վերջին հանդիպումը փորձեց տալ նաեւ այս խնդրի լուծումը, սակայն, Բելառուսից տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Վասկովսկին կոնկրետ այս հարցում լավատես չէ:

«Կենսաթոշակային ապահովագրության խնդիրը, կարծում եմ, լուծվելու է ծայրահեղ բարդ պայմաններում: Կանխատեսում եմ, որ այս հարցի լուծումը կձգվի մի քանի տարի: Չէ՞ որ բիզնեսի համար արտագնա աշխատուժը  գայթակղիչ է էժանության տեսանկյունից՝ չեն հաշվառվում, հետեւվաբար՝ նրանց համար չեն վճարվում հարկերն ու սոցիալական այլ վճարները: Այնպես որ, այս խնդիրը ինձ համար դեռ հարցականի տակ է: Իսկ էներգետիկ միասնական շուկայի գաղափարը շատ ողջունելի է»:

Վերջին գաղափարը ողջունում են ԵԱՏՄ գրեթե բոլոր երկիրներում: Այս հարցում արդեն կան նախանշված ժամկետներ, ուստի պետք է սկսել ակտիվ աշխատանք այդ ուղղությամբ, ասում է Ղրղզստանի առեւտրաարդյունաբերական պալատի կոմիտեի նախագահ, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Կուբատ Ռահիմովը։

«Շատ լավ է, որ մենք նախանշեցինք ճանապարհային քարտեզները եւ առաջիկայի համար մեր հստակ քայլերը, որովհետեւ եթե մենք հիշենք ԵԱՏՄ պայմանագիրը, 2019-ի ամռանը մենք պետք է ունենանք էլեկտրաէներգիայի միասնական շուկա: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ԵԱՏՄ-ն իր ընդհանուր, հավաքական ածխաջրածնային եւ խաղաղ միջուկային ծրագրերի հզորություններով անշուշտ աշխարհում առաջատարներից է: Հիմա մեզ համար խնդիր է լուծել անդամ-պետություններում ունեցած էլեկտրաէներգիայի ավելցուկի հարցը: Եթե ձեւավորվում է միասնական շուկա, ապա պետք է  չսպասենք մինչեւ 2019-ը, այլ մինչ այդ անենք գիտակցված քայլեր»:

Հայաստանը պատրաստ է միանալ այս ծրագրին: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի տվյալներով Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի մեծ ավելցուկ եւ տարածաշրջանում այն եզակի պետություններից է, որ ինքնաբավ է այս առումով եւ ունի տարբեր աղբյուրներ՝ ընդ որում նաեւ վերականգնվող: Հայ տնտեսագետի փոխանցմամբ՝ Հայաստանի ներուժն անգամ  ամբողջովին օգտագործված չէ, շահագործվում է էներգետիկ  հզորությունների 1/3-ը:

ԵԱՏՄ անդամ պետությունների ամենագլխավոր խնդիրներից մեկը  թերեւս ճանապարհներն են: Մոսկվայից Էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Վարդոմսկու կարծիքով՝ հետագա հաջողության համար պետք է լուծել այս խնդիրը:

«Բոլոր երկրները բեռնափոխադրումների որոշակի բարդություններ ունեն, ասենք՝ Հայաստանը եւ Բելառուսը, կամ Ղրղզստանը եւ Ռուսաստանը: Բոլոր այն ուղղություններով, որտեղ կա տարանցիկ ուղի դեռ լուծված չեն սակագնային եւ բազմաթիվ այլ տեխնիկական հարցեր : Շատ կարեւոր է, որ վարչապետերի հանդիպման ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների համար ՌԴ նավահանգիստները հասանելի դարձնելու  հարցը բարձրացվել է»

Իսկ ահա հայկական կողմի համար առաջնային է մնում գործընկեր պետությունների ազնվության եւ արդարության հարցը: Առանց փակագծերի, ուղիղի խնդիրը ներկայացրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Հայաստանի համար թիվ մեկ կարեւոր հարցը  ապրանքների շրջանառությանը հետեւելու խնդիրն է: Սա սկզբունքային հարց է, որովհետեւ որոշ դաշնակիցներ խաղում են կանոններից դուրս: Օրինակ բերեմ՝ Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի հանդեպ, բայց որոշ դաշնակիցներ սկսեցին ապրանքներ մատակարարել Թուրքիայից՝ դրանք ներկայացնելով որպես սեփական արտադրանք: Հասկանալի է, որ սուտ էր եւ այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի ոչ միայն լինի ազատ առեւտուր եւ մրցակցություն, այլեւ՝ արդար առեւտուր եւ մրցակցություն: Ցավոք, մինչ այս պահը ԵԱՏՄ անդամ 5 պետությունների գործարար շրջանակներում դեռեւս լավ չեն պատկերացնում ով ում հետ է համագործակցում»:

Որքանով կլուծվեն այս կնճռոտ խնդիրները մինչեւ վարչապետերի հաջորդ հանդիպումը,  դժվար է ասել, բայց այն, որ վարչապետերը հանդիպելու են շատ շուտով՝ դա արդեն հաստատված է: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերին Հայաստանում:

Կարդացեք նաև

Back to top button