

Մեր հաջորդ ռեպորտաժը կարող էր ցավալի ու ողբերգական իրադարձության մասին լինել: Համենայնդեպս, այդպես կարծում է ներկայացվելիք խնդրի մասին ահազանգող մեր հերոսը: Բարձրաձայնելով խնդիրը՝ նա հույս ունի, որ դրանով զբաղվող պատկան մարմիններն առավել աչալուրջ կլինեն, իսկ արդյունքում կկանխվեն հնարավոր ողբերգությունները: Խոսքը միջազգային ուղեւորափոխադրումների մասին է: Օրերս Երեւան-Օրենբուրգ երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկը խափանվել է Վոլգոգրադում՝ 68 ուղեւորի թողնելով ճանապարհին: Նրանց օգնության ձեռք է մեկնել տեղի հայ համայնքը: Համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ ահազանգում է խնդրի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ նման ավտոբուսներով անգամ երկրի ներսում ճանապարհ չեն գնում, ուր մնած՝ երկրից դուրս: Սա առիթ է եւս մեկ անգամ խոսելու այն մասին, թե ինչպիսի ավտոբուսներով են իրականացվում ուղեւորափոխադրումները Հայաստանից դուրս:
Ըստ Գայանե Քոչարյանի՝ Երեւան-Օրենբուրգ ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսի՝ Վոլգոգրադում կատարած հարկադիր կանգառի եւ ավտոբուսի վերանորոգման ընթացքում պարզ է դարձել, որ ավտոբուսն այնպիսի տեխնիկական վիճակում է գտնվում, որ ընդհանրապես ուղեւորափոխադրում իրականացնել չի կարելի:
Նա տեղեկացրեց, որ Երեւան-Օրենբուրգ երթուղին սպասարկած տվյալ ավտոբուսը պատկանում է «Նոնա տուր» ընկերությանը: Մենք կապ հաստատեցինք նաեւ ընկերության հետ, որտեղից հաստատեցին այդ տեղեկությունը:
Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրին՝ Գայանե Քոչարյանը նաեւ հայտնում է, որ երկար ժամանակ ավտոբուսը հնարավոր չի եղել կարգի բերել, իսկ 60 ուղեւորները ստիպված ինքնուրույն են լուծել տեղ հասնելու հարցը: Դրա համար նրանք որեւէ փոխհատուցում չեն ստացել եւ տրանսպորտային ընկերությունը նրանց հետ որեւէ կերպ չի փորձել կապվել՝ գրել է նա: Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչը, մինչդեռ, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ճանապարհին մնացած բոլոր ուղեւորների տեղափոխվելու խնդիրը ընկերությունը լուծել է.
Ուղեւորափոխադրող ընկերությունից նաեւ հերքեցին տեղեկությունը, թե նման ավտոբուսներով երկար ուղեւորափոխադրումների կազմակերպումն արգելվում է անգամ երկրի ներսում, ու՞ր մնաց երկրից դուրս: Խնդրի մասին բարձրաձայնած Գայանե Քոչարյանը շեշտում է՝ բոլոր նման դեպքերում անսարքությունների վրա աշխատող մասնագետները կասկած են հայտնում՝ արդյո՞ք այս տրանսպորտային միջոցները որևէ փորձաքննություն անցել են: Դրանք նաև, որպես կանոն, ավելի շատ ուղևոր են տեղափոխում, քան կարող են՝ նշել է խնդրի մասին բարձրաձայնած քաղաքացին:
Այս հարցերի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունից: Գերատեսչության փոխադրումների քաղաքականության բաժնից օրվա ընթացքում այդպես էլ մեզ չհաջողվեց հետաքրքրող հարցերի պարզաբանումները ստանալ:
Ուղեւորափոխադրող ընկերությունից, մինչդեռ, վստահեցրին, որ իրենց ավտոբուսները պարբերաբար, երկար ուղեւորություններից առաջ եւ հետո պարտադիր անցնում են տեխզննություն.
Ավտոբուսներն էլ, ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցչի խոսքով, բարձր կարգի հայտնի ֆիրմաների արտադրության են:
Ընկերության աշխատակցուհին հայտնեց նաեւ, որ իրենք կապ են հաստատել տվյալ ավտոբուսի բոլոր ուղեւորների հետ՝ լուծելու համար փոխհատուցման խնդիրը: Որոշ մասին փոխհատուցում արդեն տրվել է՝ ասաց նա, հայտնելով նաեւ, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ուղեւորների մնացած մասին ընկերությունը կփոխհատուցի մեկ շաբաթվա ընթացքում:




