

Համաշխարհային քաղաքական իրադրությունը բավական սրվել է՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության աճի հետ: Արցախյան հիմնախնդրի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ու Ադրբեջանահայերի ասամբլեա ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի գնահատմամբ՝ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի դեմ-հանդիման միանգամայն մենակ է մնացել, ուստի՝ անհրաժեշտ է ճիշտ գնահատել պատմական այսօրվա վտանգավոր պահն ու լինել առավել նախաձեռնող:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական այսօրվա ստեղծված պատկերը վտանգավոր է ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ըստ նրա՝ աշնանն Արցախի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես կակտիվանա՝ փորձելով ակտիվացնել բանակցությունները, իսկ այսօր ստեղծված ֆոնին Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ բանակցություններում բարելավի իր դիրքերը: Սաֆրաստյանի գնահատմամբ՝ ամեն դեպքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը Արցախյան հարցում սուր բախման մեջ չեն գտնվում:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ սեպտեմբերից տարածաշրջանում զարգացումներն ավելի կարագանան եւ առավել կարտահայտվեն այն միտումները, որոնք այսօր էլ արդեն նկատելի են: Դրանցից մեկն, օրինակ, ըստ թուրքագետի, Թուրքիայի ռազմավարական դերի ու նշանակության թուլացումն է՝ պայմանավորված Էրդողանի թույլ տված ռազմավարական նշանակության սխալներով՝ արկածախնդրությամբ, որն այլեւս չի անցնում:
«Թուրքիայի ազդեցությունը թուլացել է նաև նրա ոչ հաշվենկատ քաղաքականության հետևանքով, որը վարեց Սիրիայում և Իրաքում, իսկ արկածախնդրությունը բերում է իր անցանկալի արդյունքները: Ասադի իշխանությունը գնալով ուժեղանում է, գնալով ուժեղանում և լեգիտիմ է դառնում նաև քրդական ուժը՝ Սիրիայում և աշխարհում»:
Թուրքիայի դերի թուլացումը տարածաշրջանում հանգեցնելու է Իրանի դերի բարձրացմանը: Այս ամենի համատեքստում Սաֆրաստյանը կարևորեց նախագահի մակարդակով Հայաստանի պատվիրակության ներկայությունն Իրանի նախագահի երդմնակալությանը:
«Հայաստանի և Իրանի հարաբերությունները երկողմանիից դուրս են եկել՝ վերածվելով տարածարջանային գործոնի: Մի գործոն, որը կայունացնող է տարածաշրջանի համար»:
Այն հանգամանքը, որ Ադրբեջանը բարձր մակարդակով չկար այդ երդմնակալության արարողությանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն վերանայում է տարածաշրջանում իր վարած քաղաքականությունը՝ գնահատեց վերլուծաբանը:
Նա համոզված է, որ աշնանն Արցախի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես կփորձի ակտիվացնել բանակցային գործընթացը: Ստեղծված ֆոնին էլ, ըստ նրա, Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ բանակցություններում բարելավի իր դիրքերը: Այդ նպատակին են միտված նաեւ Իրանի նախագահի երդմնակալությանը եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու քայլերը: Այսինքն, մի կողմից ազդակ ԱՄՆ-ին, մյուս կողմից՝ Ռուսաստանին՝ կարծում է վերլուծաբանը:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ԼՂ բանակցային գործընթացի հարցում առաջիկայում առավել ակտիվ եւ նախաձեռնող կփորձի լինել ԱՄՆ-ն:
Ամեն դեպքում, նրա գնահատմամբ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ԼՂ հարցի հետ կապված սուր բախման մեջ չեն գտնվում եւ երկուսն էլ շահագրգռված են, որ խնդիրը չմտնի տաք գործողությունների փուլ՝ հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով, սակայն, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների խստագույս սրման պարագայում Արցախի հարցով մենք դաշնակից չունենք.
«Այս պարագայում Ռուսաստանն արդեն չի ընտրում, ինչպես ասում են, եղանակները: Ռուսաստանը խոշոր խաղ է խաղում եւ, իրոք, այդ խաղասեղանի վրա ո՛չ միայն Ղարաբաղի ճակատագիրը, այլեւ Անդրկովկասի եւ Հայաստանի ճակատագիրը ընդամենը մանրադրամ է»:
Իրականության մեջ պետք է արձանագրենք, որ մեն-մենակ ենք մնացել Արցախի խնդրի հետ եւ Հայաստանն էլ, ըստ Ադրբեջանահայերի ասամբլեա ՀԿ նախագահի, պետք է իր քաղաքականությունն ու քայլերն իրականացնի հենց այդ հանգամանքը հաշվի առնելով:




