Հասարակություն

Ստեփանակերտի մանկապարտեզների մեծ մասում կարանտին է, բայց համաճարակի վտանգ չկա

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

Ստեփանակերտի մանկապարտեզների մեծ մասն այս օրերին ընդունելություն չի կատարում. կարանտին է հայտարարված:   Ջրծաղկի եւ քութեշի վարակի պատճառով մանկապարտեզ կարող են ընդունվել միայն այն երեխաները, որոնք նախկինում արդեն վարակվել են: Սա ավելի է սրում մանկապարտեզի ընդունելության հարցը՝ Ստեփանակերտում  նախադպրոցական երեխաների թիվը մի քանի անգամ գերազանցում է մանկապարտեզներում տեղերի քանակին:

Բժիշկ հակահամաճարակաբան  Ջուլիետտա Մուսայելյանը  վիճակը ներկայացնելով չի թաքցնում նաեւ զարմանքը.

«Այս վարակները սեզոնային բնույթ ունեն.  թե՛ ջրծաղիկը, թե՛ քութեշը հիմնականում աշուն- ձմեռ եւ ձմեռ գարուն անցումային ժամանակաշրջանին են  հատուկ: Բայց այս տարի բացառություն է, չնայած սովորաբար ամռանը դրանք պիտի անկում ապրեն, հիմա  այնպիսի աճ ունենք ինչպես ձմռանը»:

Բժիշկը նաեւ ասում է, որ համաճարակի վտանգ չկա. հոսպիտալացված ընդամենը երեք հիվանդ կա, այն  էլ մեծահասակների խմբում, ովքեր ծանր են տանում   ջրծաղիկը: Թե՛ ջրծաղկով, թե՛ քութեշով հիմնականում կրտսեր տարիքի երեխաներն են հիվանդանում, այս անգամ էլ վարակը սկսվել է մանկապարտեզներից, որտեղ փոքրիկների կուտակումներ կան. կրթօջախներց դուրս վարակվել են հիվանդ երեխաների հետ շփվողները:  Այդպիսի շփումը 95 տոկոսի դեպքում վարակում է նշանակում: Հենց սա է պատճառը, որ  մանկապարտեզներում գոնե մեկ դեպքի հայտանբերման  դեպքում կարանտին է սահմանվում: Հիվանդ երեխան մեկուսացվում է, բայց մյուսները շարունակում են հաճախել մանկապարտեզ, նրանք  ամեն առավոտ ֆիլտրացիայի են  ենթարկվում, չափվում է նրանց ջերմությունը:

«Եթե կասկածելի երեխաներ են լինում’ ջերմությամբ, ցանով կամ վատ ինքնազգացողությամբ, ապա միանագամից նրանք  մեկուսացվում են եւ ուղարկվում տուն»:

Ինչքան կարող է ձգվել մանկապարտեզներում հայտարարված կարանտինը եւ երբ կարող է սկսվել երեխաների ընդունելությունը: Բժիշկ հակահամաճարակաբանի մեկնաբանությամբ կախված է նոր դեպքերից: Վերջին շաբաթվա տվյալներով վարակի  անկում կա:

Կարդացեք նաև

Back to top button