

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է նախագահ Ռոհանիի հետ: Նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաեւ հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:
Որոշ փորձագետներ նախագահների հանդիպումը կարեւորում են տարբեր տեսանկյուններից՝ նշելով, որ թեպետ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում հաջողվել է զարգացնել եւ ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում, այդուամենայնիվ, չօգտագործված բավականին հնարավորություններ դեռեւս կան:
Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից չափազանց կարեւոր էր Իրանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Այս կարծիքին է իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա գնահատմամբ՝ հատկապես Իրանի և Հայաստանի միջև սահմանային համագործակցության շուրջ պայմանագրի վավերացումը շատ կարևոր համաձայնագիր է: Այս համաձայնագրով, նախևառաջ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն է ավելի արագացված կարգով իրականացվում՝ և՛ քաղաքացիների տեղաշարժը, և՛ բեռների փոխադրումը: Դրան նպաստում է նաեւ վիզային ռեժիմի չեղարկումը:
«Այսինքն, վերջին շրջանում մենք նկատում ենք, որ այն համաձայնությունները, որոնք որ երկու երկրների հարաբերությունների միջեւ կան, դրանք այս կարճ ժամանակում իրենց հանգուցալուծումը ունեցան»:
Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաեւ հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները: Ի դեպ, տարին նշանավորվում է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ այդ ընթացքում հաջողվել է զարգացնել եւ ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:
Ըստ իրանագետի՝ նախագահի հերթական այցը եւ հանդիպումը Իրանի նախագահի հետ լավ հնարավորություն էր եւ կարելի է վստահաբար ասել, որ երկկողմ հանդիպման ժամանակ բարձրացվել են օրակարգային կարեւոր հարցեր՝ սկսած զբոսաշրջությունից, վերջացրած էներգետիկայով:
Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության առյուծի բաժինն ընկնում է հենց էներգետիկայի ոլորտին, սակայն, փորձագետի գնահատմամբ, այստեղ մի հարց, այնուամենայնիվ առաջանում է:
«Արդյո՞ք այստեղ հնարավորություններն ամբողջ ծավալով են օգտագործվում: Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ հայ-իրանական, օրինակ, գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն ընդամենը 15-20 տոկոսի չափով է աշխատում: Այսինքն, սա նշանակում է, որ այստեղ կա համագործակցության մեծ հնարավորություն: Արմեն Մանվելյանը նկատեց նաեւ այս ոլորտում կարեւոր ծրագրերից մեկը երրորդ բարձրավոլտ էներգահամակարգի կառուցումն է..
«Կարեւորագույն ծրագիր է Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ համակարգի կառուցումը: Սա հնարավորություն կտա դեպի Իրան արտահանել ավելի շատ քանակի էլեկտրաէներգիա եւ հակառակը՝ ներմուծել ավելի մեծ քանակի գազ»:
Իրանագետ Արմեն Իսրայելյանի գնահատմամբ՝ նախագահների քննարկած կարեւոր հարցերից մեկն էլ առնչվում է ԼՂ հակամարտությանը: Նշենք, որ նախագահների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին անդրադառնալով՝ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Իրանի նախագահն իր հերթին ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Իրանագետ Արմեն Իսրայելյանը նկատեց, որ ԼՂ հակամարտության խնդրում Իրանը հայտնի է իր հավասարակշռված դիրքորոշմամբ, խնդրի համատեքստում էլ հերթական անգամ շեշտվեց, որ Իրանը թույլ չի տալու, որ իր հյուսիսային սահմաններում որեւէ անկայունություն լինի:
«Թեհրանը ամեն ինչ անելու է, որպեսզի այդ շրջանում լիարժեք անվտանգություն տիրի: Սա շատ կարեւոր ուղերձ է՝ հղված Ադրբեջանին եւ նաեւ վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող այդ սառնությանը, Ադրբեջանի եւ Սաուդյան Արաբիայի օրեցօր խորացող քաղաքականությանը, որը նաեւ ուղղված է Թեհրանի դեմ. սա Թեհրանին հիմք է տալիս ավելի կտրուկ գործելու:
Իրանագետը կարծում է, որ նման պայմաններում Իրանի համար Հարավային Կովկասում առաջիկա չորս տարիներին Հայաստանի դերն անհամեմատ առավել կարեւորվելու է: Պատահական չէ, որ Իրանցի վերլուծաբանները շեշտել են այն միտքը, որ Հայաստանը դեպի Եվրոպա անվտանգ տարանցիկ երթուղի է: Այստեղ հաշվի է առնվել նաեւ վերջին տարիներին Թեհրանի եւ Անկարայի միջեւ լարվածությունն ու Իրանի եւ Թուրքիայի սահմանում տիրող անկայուն իրավիճակը:




