

ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման մասին համաձայնագրի հաստատումից հետո ազատ մուտքի իրավունքից օգտվել է Վրաստանի ավելի քան 50 հազար քաղաքացի: Նրանցից թույլատրված ժամկետում, որը տեւում է 90 օր, դեռևս չի վերադարձել 3000-ը: Վրաստանի ՆԳՆ-ից «Ռադիոլուրին» փոխանցել են, որ վերջիններս թեև ռիսկային խմբում են, այդուհանդերձ դեռևս հստակ չենք կարող ասել, որ նրանք խախտել են թույլատրելի ժամկետները։
Այս օրերին, երբ երկիրն ավելի է մոտենում Եվրոպային, քաղաքացիներն ու պաշտոնյաները շատ հաճախ են հիշում նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թևավոր դարձած խոսքը՝ «Ես վրացի եմ, այսինքն՝ եվրոպացի…»։
Քութայիսիի օդանավակայանը, որտեղից բազմաթիվ ուղղություններով թռիչքներ են իրականացնում մի շարք եվրոպական ավիանընկերություններ Թբիլիսիի օդանավակայանի համեմատ առավել մատչելի գներով, այս օրերին լեփ լեցուն է։
Մանանա Սանիկաձեն երկրի երկրորդ քաղաքից վերջերս հագստանալու է մեկնել Սալոնիկ ու վերադարձել՝ տոմսի համար վճարելով ընդամենը 200 լարի, որը մոտ 40 հազար դրամ է
«Քութայիսիից-Սալոնիկ հետադարձ թռիչքով տոմսը 200 լարիի կազմեց: Ծրագրել եմ սեպտեմբերին կրկին մեկնել: Երբ գիտես, որ թույլատրվում է, չես ցանկանում մնալ»,-ասում է նա՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ նրանք, ովքեր մեկնում են, հետ կվերադառանան, որպեսզի երկիրը չկանգնի համաձայանգրի դադարեցման առջև։
ՆԳՆ-ն ամփոփելով առաջին չորս ամիսների տվյալները, նշում է, որ նրանք, ովքեր դեռ չեն վերադարձել, ընդգրկվել են հնարավոր ռիսկային խմբում։ Սակայն այս քաղաքացիները դեռևս չեն համարվում, որ խախտել են 90-օրյա կեցության ժամկետը, որովհետև ինչպես պարզաբանում է ՆԳՆ-ի Եվրաատլանտյան հարցերով բաժնի ղեկավար Նինո Գախարիան, հնարավոր է նրանց մի մասը մեկնել են այնպիսի երկրներ, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չունի։
Վրաստանի սահմանապահները չեն թույլատրել երկրից դուրս գալ մոտ մի քանի տասնյակ քաղաքացու, որոնք ընդգրկված են այսպես ասած ազգային բազայում, ինչը նշանակում է՝ նրանք մինչ այդ լինելով Եվրոպայում, խախտել են մի շարք օրենքներ։
«Իրավիճակն ընդհանուր առմամբ դեռևս կայուն է: Շենգենյան գոտու երկրներից բացասական տեղեկատվություն չի ստացվել։ Կարևորը՝ մենք շարունակում ենք քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ պատժամիջոցներ են սպասվում թույլատրելի ժամկետը խախտելու դեպքում «Ռադիոլուր»-ին փոխանցեց Գախարիան։
Պաշտոնյաները տեղեկացնելով, որ օրինախախտներին ոչ միայն Եվրոպայից արտաքսում է սպառնում, այլև տուգանք, նաև նշում են, որ Վրաստանի եվրոպական ճանապարհն անշրջելի է, և որ Վրաստանն այժմ պետք է աշխատի Եվրամիության լիարժեք անդամ դառնալու ուղղությամբ։
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ երկիրը պետք Է ունենա արեւմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ: Հարցվածների մեծ մասը գտնում է երկրին օգուտ կբերի եվրաատլանտյան կառույցների անդամակցությունը, համեմատաբար քիչ են նրանք, ովքեր կարծում են, որ երկիրը կշահի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից:




