
Գելափ ինթերնեշընըլ կազմակերպության վերջին շրջանում անցկացրած հարցումների արդյունքներով՝ ՀՀ վարչապետի գործելաոճը դրական է գնահատում ավելի քան 70%-ը։ Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը: Նրա փոխանցմամբ՝ հարցումը կատարվել է դեմ առ դեմ սկզբունքով, 1104 հոգու շրջանում, հուլիսի 5-15 ընկած ժամանակահատվածում: Հարցումը կատարվել է՝ պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները քարոզարշավից առաջ և հետո սեպտեմբերին նշանակված Կարեն Կարապետյանի ու կառավարության գործունեության վերաբերյալ:
Ըստ Գելափ ինթերնեշընըլ կազմակերպության անցկացրած հարցումների՝ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական է գնահատում 12,6 տոկոսը, իսկ 59 տոկոսը` ավելի շուտ դրական: Կառավարության ղեկավարի աշխատանքը ավելի շուտ բացասական է գնահատում 14,6 տոկոսը, ընդհանրապես բացասական է գնահատում 7,6 տոկոսը։ Ներկայացնելով հարցման արդյունքները՝ «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքն ավելի շատ դրական է գնահատում ավելի քան 71.7 տոկոսը։«Նաեւ չենք կարող չնշել, որ համեմատած մարտ ամսվա հետ կա որոշակի նվազում՝ ընդհանուր մոտ 80.6 տոկոս էր: Այսինքն, մենք ունենք մոտ 10 տոկոսի նվազում»:
Հանրապետական կուսակցությունում չեն կարծում, որ վարչապետի վարկանիշի այս նվազման դինամիկան շարունակական կարող է լինել: Հանրապետական գործիչ, նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում բնական եւ սպասելի համարեց, որ ընտրարշավի ակտիվ քարոզչության հետ համեմատած, վարկանիշի որոշակի նվազում կլիներ:
ՀՀԿ-ի գնահատականն էլ վարչապետի գործունեությանը մինչեւ ընտրությունները՝ Կարեն Կարապետյանին ընտրություններից հետո կրկին վարչապետի պաշտոնում առաջադրելն էր՝ նշեց Սուքիաս Ավետիսյանը:
Ընտրություններից հետո վարչապետի վարկանիշի որոշակի անկումը հետազոտության
հեղինակները նույնպես պայմանավորում են ակտիվ քարոզարշավի բացակայությամբ: Պետք է հասկանանք նաեւ, որ հուլիսի այս ցուցանիշը գրանցված է քարոզարշավի բացակայության ներքո՝ շեշտեց Արամ Նավասարդյանը:
«Մարտի եւ փետրվարի ցուցանիշները բարձր են եւ դա կարելի է կապել նաեւ ակտիվ այդ քարոզարշավի ժամանակաշրջանի հետ: Բայց, ամեն դեպքում, պետք է նաեւ արձանագրենք, որովհետեւ շատ տարբեր մեկնաբանություններ է լինում, որ 71.7 տոկոսը եւս բավականին շատ բարձր գնահատական է: Այսինքն՝ արձանագրում ենք, որ որոշակի նվազում կա, բայց գնահատականը բավականին բարձր է եւ կարելի է նաեւ պնդել, որ քաղաքական դաշտում գրեթե չկա մեկ այլ ֆիգուր, որը ունի նմանատիպ դրական արձագանք»:
Ընդդիմադիր քաղաքական ուժերն առայժմ չեն շտապում գնահատականներ հնչեցնել հրապարակված հարցումների արդյունքների հետ կապված: ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ«Ելք» դաշինքը կառավարության գործունեությունը դեռ կգնահատի.
Այսօր հրապարակված հարցումներով՝ պարզվել է նաեւ, թե ըստ հարցվածների որքանով է արդարացել Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հանրության շրջանում ձևավորված դրական սպասումների ֆոնը: Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման մասնակիցների պատասխանների հետևյալ պատկերը.
«3,2 տոկոս` ամբողջությամբ արդարացան, 49,2 տոկոս` որոշ չափով արդարացան։ Ընդհանուր առմամբ 52,4 տոկոսը նշել է, որ նրանից ունեցած սպասումներն արդարացել են»:
Հաջորդ 6 ամիսներից կառավարությունից մեծ ակնկալիքներ չունեն հարցվածները, թերահավատ են. 27,8 տոկոսն է միայն ասել, որ կառավարությունը ունակ կլինի շոշափելի քայլեր ձեռնարկել, 46,2 տոկոսն էլ ասել է, որ կառավարությանը չի հաջողվի արդյունքներ գրանցել: Միաժամանակ, Կարեն Կարապետյանին վստահում է 13 տոկոսը, ավելի շուտ վստահում է 50 տոկոսը, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 63 տոկոսը։ Հարցերի հետ կապված փոքրիկ հարցախույզ փորձեցինք անցկացնել նաեւ Երեւանի փողոցներում.
Հավելենք նաեւ, որ Գելափի հարցումներով՝ հարցվածների 68.6 տոկոսը ցանկանում է, որ 2018-ի ապրլից հետո Կարեն Կարապետյանը շարունակի իր պաշտոնավարումը: Դրան հավատում է 54.3 տոկոսը: Ցանկացողների եւ հավատացողների միջեւ տարբերությունը փոքր է՝ նկատեց Արման Նավասարդյանը: Հանրապետական կուսակցությունում, սակայն, այդ մասին խոսելը դեռեւս վաղ են համարում:
Մինչ 18 թիվն էլ, Գելափ ինթերնեշնըլը ծրագրել է հերթական հարցումներն անցկացնել հոկտեմբեր ամսին՝ ամփոփելով Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին:




